Հայաստանի կառավարության կողմից ամանորի նախօրեին սոցիալապես անապահով ընտանիքներին տրվելիք ձեթը ժամկետանց չէ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը:

«Ձեթը ներկայացվել է Սննդի անվտանգության պետական ծառայություն: Ժամկետի հետ կապված ուսումնասիրություններն ավարտել ենք, եւ ձեթի մակնշման ժամկետը համապատասխանում է օրենքի պահանջներին: Ձեթի ժամկետն ավարտվում է 2012թ. վերջին: Հիմա ձեթը ներկայացվել է ծառայության ենթակայության ներքո գործող լաբորատորիա` որակական փորձաքննության ենթարկելու համար: Նախնական տվյալներով, որակի որեւէ խնդիր չունի ձեթը, սակայն վերջնական պատասխանը կլինի երկուշաբթի»,- նշեց Բախչագուլյանը:

«Ժամկետանց եղել է ոչ թե ձեթը, այլ տվյալ ձեթը արտադրող ընկերության փաստաթղթերը: Արտոնագրի ժամկետն էր անցել ընդամենը»,- նշեց Սննդի անվտանգության ծառայության ղեկավարը` հավելելով, որ ձեթն արտադրվել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալուեւ քաղաքի «Բուսական յուղերի Վալուեւի կոմբինատը»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15-ին որոշում է կայացրել սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել 3-ական շիշ արեւածաղկի ձեթ: Օգնություն կստանան 116 հազ. ընտանիքներ, որոնք 2011 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, եւ ունեն անապահովության «0» միավորից բարձր միավոր: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել էր, որ ձեթը տրվելու է պետական պահուստներից, որոնք ձեւավորվել են 2009 թ. Ռուսաստանի հումանիտար օգնությունից:

Մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ արեւածաղկի ձեթը ժամկետանց է: