ՀՌԱԿ (նախագահ` Էդվարդ Անտինյան) եւ Արմենական-ՌԱԿ (նախագահ` Հակոբ Ավետիքյան) կուսակցություններն իրենց մտահոգությունն են հայտնում Սիրայում ստեղծված իրավիճակի եւ այնտեղ շարունակվող անհանգստությունների կապակցությամբ:
Նրանց համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սիրիան մեզ բարեկամ երկիր է, որը Ցեղասպանությունից մազապուրծ մեծաքանակ հայության համար ապաստան դարձավ եւ փրկեց հազարավոր հայորդիների կյանքեր: Հայ ժողովուրդը միշտ էլ երախտապարտ է եղել այդ պետությանը եւ նրա ժողովրդին` ցուցաբերած այդ հյուրընկալության ու հոգատարության համար:
Սիրիահայությունը կարողացավ շատ արագ ինտեգրվել երկրի կյանքին եւ ոչ միայն դարձավ այդ երկրի լիիրավ քաղաքացին, այլեւ իր զգալի ավանդը ներդրեց Սիրիայի Արաբական Հանրապետության կայացման եւ զարգացման գործում:
Այսօր, երբ Արաբական աշխարհի այդ կարեւոր պետությունը գտնվում է ներքին եւ արտաքին ուժերի դաժան ճնշումների ներքո եւ վտանգված է տեղի հայության ապագան, մտահոգ է ողջ հայությունը:
ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցություններն այս վճռական պահին հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ` կոչ անելով դադարեցնել արտաքին ճնշումները Սիրիայի նկատմամբ եւ հնարավորություն ստեղծել այդ երկրին եւ նրա ղեկավարությանը իր ներքին հարցերը լուծելու խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը խաղաղության հասնելու միակ գրավականն է: Հուսով ենք, որ մեր հայրենի իշխանությունները կցուցաբերեն ամեն բարոյական աջակցություն Սիրիայի պետականության, ժողովրդին եւ հայ համայնքին` ստեղծված իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու գործում: Կարծում ենք, որ զարգացումների լիբիական տարբերակն այդ երկրում անհնար է եւ անընդունելի, ինչպես նաեւ այն սպառնալիք է տեղի հայության եւ նրա ապագայի համար: Խաղաղ բանակցություններն են միակ ճանապարհը առկա խնդիրները լուծելու, դեմոկրատական բարեփոխումները իրականացնելու եւ սիրիահայ համայնքի բարգավաճումն ու ծաղկումը այդ հյուրընկալ հողի վրա ապագայում եւս տեսնելու համար»:




























