Եվրամիությունը քննարկում է հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթում ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳLNG) աստիճանական հրաժարումը ներառելու հնարավորությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունից ալյումինի ներմուծման արգելքը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ ալյումինի մատակարարումների սահմանափակումների «ժամկետն ու մասշտաբները» դեռ որոշված չեն։ Թե կոնկրետ ինչ ձեւաչափով կհայտարարվի Ռուսաստանի Դաշնությունից հեղուկացված բնական գազի աստիճանական դադարեցման մասին, դեռեւս հայտնի չէ։ Միջոցը կարող է ձեւակերպվել «կամ որպես պատժամիջոց, կամ որպես ճանապարհային քարտեզի մաս», որը Եվրահանձնաժողովը նախատեսում է ներկայացնել հաջորդ ամիս:
Ինչպես նշել է Bloomberg-ը, պատժամիջոցները «ավելի կոշտ քայլ» կլինեն, սակայն կպահանջեն ԵՄ անդամ բոլոր երկրների միաձայն հավանությունը եւ կտեւեն սահմանափակ ժամանակ։ «Ռուսական գազի սահմանափակումների գաղափարը կենսունակ չէ», քանի որ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Հունգարիան եւ Սլովակիան, հենվում են դրա վրա, ասել են եվրոպացի պաշտոնյաները։
ԵՄ-ը դիտարկում է նաեւ ռուսական նավերի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Բացի այդ, նոր բանկերը կարող են դուրս մնալ SWIFT տրանսսահմանային վճարային համակարգից։ Որոշ ընկերություններ երրորդ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում եւ ԱՄԷ-ում, նույնպես կարող են ենթարկվել սահմանափակումների։ Սպասվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի «փետրվարին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկի երրորդ «տարեդարձին», եզրակացրել է գործակալությունը։





























