Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը չորեքշաբթի օրը ասել է, որ հեռախոսով խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հաղորդել նրան, որ անկախության մասին որոշումը պետք է կայացնի ինքը՝ Գրենլանդիան, հայտնում է Reuters-ը։

Թրամփը, որ պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի վերահսկողությունը Գրենլանդիայում «բացարձակ անհրաժեշտություն է», և ինքը չի բացառում այդ նպատակով ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառումը, ինչպիսիք են Դանիայի վրա մաքսատուրքերը:

«Զրույցի ընթացքում վարչապետն անդրադարձել է Գրենլանդիայի խորհրդարանի նախագահ Մոուտ Բ. Էգեդեի հայտարարություններին առ այն, որ Գրենլանդիան չի վաճառվում», - ասվում է Ֆրեդերիկսենի գրասենյակի հաղորդագրության մեջ:

«Վարչապետն ընդգծել է, որ անկախության մասին որոշումը պետք է կայացնի ինքը՝ Գրենլանդիան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ֆրեդերիկսենը նաև ընդգծել է Արկտիկայում անվտանգության ամրապնդման կարևորությունը և ասել, որ Դանիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել։