Ճարպակալման դեմ դեղամիջոցներ արտադրող Novo Nordisk-ի գործադիր տնօրենը և դանիական այլ ընկերությունների ղեկավարները հինգշաբթի հանդիպել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի շուրջ հնարավոր առևտրային հակամարտության նախապատրաստումը, հայտնում է Reuters-ը։

Ֆրեդերիկսենը կանչել է բիզնեսի առաջնորդներին չորեքշաբթի օրը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որն անցյալ շաբաթ չէր բացառել ռազմական կամ տնտեսական գործողությունները Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեցող Գրենլանդիան վերահսկողության տակ առնելու համար:

Թրամփը հայտարարել էր, որ մաքսատուրքեր կսահմանի դանիական ապրանքների վրա, եթե Դանիան չհամաձայնի իր տարածքում գտնվող արկտիկական կիսաինքնավար այդ հսկայական կղզին գնելու իր առաջարկին։

Դանիայի առաջնորդն ասել է, որ 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը հետ չի կանգնել տնտեսական պարտադրանքի իր սպառնալիքներից, իսկ ինքը ասել է նրան, որ Գրենլանդիան պետք է որոշի իր ապագան, և առաջարկել է ավելին անել Արկտիկայի անվտանգության բարելավման համար:

«Մենք չենք ցանկանում առևտրի հարցում հակասություններ ունենալ ամերիկացիների հետ, բայց, իհարկե, մենք աշխատում ենք ընկերությունների, բիզնես կազմակերպությունների և մեր եվրոպացի գործընկերների հետ», - լրագրողներին ասել է Ֆրեդերիկսենը:

Նրա խոսքով՝ ինքը Թրամփի հետ հեռախոսազրույցից առաջ տեղեկացրել է Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեին, ինչպես նաև խոսել է Էգեդեի հետ անմիջապես հետո:

«Մենք չենք պատրաստվում կոնկրետ բաների, որոնք դեռ չգիտենք, բայց ամերիկյան կողմից ակնարկ կար, որ, ցավոք, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մենք ավելի քիչ միասին աշխատենք, քան հիմա», - հավելել է նա: