Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննադատել է երկրի դատական համակարգը:

Այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ դատական համակարգում մինչ օրս կան դատավորներ, ովքեր վարկաբեկում են համակարգը եւ արգելակում նրա զարգացումը:

Նրա խոսքով, բարեփոխումները առավել դանդաղ են ընթանում հենց այս համակարգում եւ ներկա տարին կարելի է նախապատրաստական համարել 2012-ին նախատեսված բարեփոխումների համար:

Իրերի նման դրության պատճառը, ըստ Թովմասյանի, թաքնված է խնդրի բազմաշերտության մեջ: Դա առաջին հերթին իներցիան է, ապա մտածողությունը, օրենսդրական խնդիրները, փոխկապակցված ոլորտների` փաստաբանության, դատախազության հետ կապվածությունը:

Այս համատեքստում նախարարը նշել է, որ մշակվել ու հաստատման է ուղարկվել դատական համակարգի 2012-2013 թթ բարեփոխման ծրագիրը: