Ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ ԼՂՀ ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 15-ին, Երեւանի Օգանովի փողոցի 50 շենքի բնակարաններից մեկից բերման էին ենթարկել 37-ամյա Արմեն Եղիազարյանին, որը ԼՂՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 36-ամյա Ռուբիկ Մ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Արմեն Եղիազարյանին, որը ՌԴ Սոչի քաղաք տեղափոխելու, անձնագրեր թարգմանելու եւ աշխատավարձի պլաստիկ քարտեր տրամադրելու համար 2010 թ. դեկտեմբերից մինչեւ 2011 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում իրենից վերցրել է 118 տարբեր անձանցից հավաքված 1.180.000 դրամ:
Նշված գումարից Ա. Եղիազարյանը վերադարձրել է 600.000 դրամը, իսկ մնացած գումարը խաբեությամբ յուրացրել է:
Արմեն Եղիազարյանը կալանավորված է:




























