Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Խաչիկ Դաշտենցի թիվ 114 դպրոցի շրջակայքում երկու օր շարունակ աշակերտների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում գործերը հասել են ոստիկանություն: Ավելին` որպես հեղինակ, շրջանառվում է «օրենքով գող» «Դքի Նորոյի» թոռան անունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեցին դպրոցի հարեւանությամբ բնակվող մի քանի բնակիչներ:
Սույն ահազանգի վերաբերյալ դիմեցինք ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանին, ով նշեց, որ 114 դպրոցի շրջակայքում տարբեր օրերի երկու տարբեր միջադեպեր են արձանագրվել: Աշակերտների միջեւ ծագած առաջին միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 12-ին, դպրոցից դուրս, ինչի առթիվ կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Իսկ իրեն երկար սպասեցնել չտված երկրորդ միջադեպը արձանագրվել է դեկտեմբերի 13-ին: Արդյունքում երկու աշակերտ մարզադահլիճում, մեկը մյուսին է հարվածել, ինչի առթիվ հետաքննություն է ընթանում ոստիկանության կենտրոնի բաժնում:
Հարցին, թե լուրջ վնասվածքներով տուժողներ կա՞ն, Արմեն Մալխասյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ նրանց դատաբժշկի ուղեգիր է տրվել: Ի դեպ, քանի որ միջադեպի մսնակիցները անչափահասներ են, ոստիկանությունը անուններ չի հրապարկում:




























