2011 թվականին Վանաձորում նախատեսված ասֆալտապատման աշխատանքները կարելի է համարել ամբողջությամբ ավարտված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը:
«Քաղաքի տարբեր հատվածներում նախատեսված լրիվ ու մասնակի ասֆալտապատման, մայթերի ու փոսային նորոգումների աշխատանքներն ամբողջությամբ մոտենում են ավարտին ու տարին եզրափակվում է ասֆալտապատման առումով առանց բացթողումների»,-ասել է Տիգրան Պապանյանը:
Քաղաքում իրականացվող վերջին աշխատանքները Տարոն-2 թաղամասի, Ուկրաինական պողոտայի ու Տավրոսի 6 փողոցի, դեպի Տարոն-4 թաղամաս բարձրացող հատվածների ասֆալտապատումն էր: Այս փողոցներից յուրաքանչյուրի բարեկարգման համար ՀՀ կառավարության «Տարածքների համաչափ զարգացման» ծրագրի շրջանակներում, Լոռիի մարզպետարանին որպես լրացուցիչ միջոցներ տրամադրվել է 100-ական մլն դրամ:
Նշված փողոցներում, բացի ասֆալտապատման աշխատանքներ կատարելուց, արվել է նաեւ փողոցի լայնացում` հարակից տների տնամերձերը գնելու եւ քանդելով ճանապարհ սարքելու միջոցով: Ըստ Տիգրան Պապանյանի, 2 կողմերն էլ գոհ են մնացել հողամասերի առք ու վաճառքից: Այս աշխատանքներին զուգահեռ, նաեւ քաղաքի այդ մասում գտնվող գերեզմանատան համար պարիսպ է դրվել, սա արվել է բազմաթիվ բնակիչների բողոքների հիման վրա, ու արդեն քաղաքապետարանի սեփական ֆինանսավորմամբ:
Տրամադրված ընդհանուր առմամբ 200 միլիոն դրամը ծառայել է իր նպատակին, փաստում են պատասխանատուները, թեեւ կան բացթողումներ: Մասնավորապես, Ուկրաինական պողոտայում ասֆալտի նախատեսված 2 շերտի փոխարեն արվել է մեկը, Տարոն-4 թաղամասում եւս մնացել են որոշակի անելիքներ: Քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության բաժնի պետը այս ամենը պարզաբանեց եղանակների վատ լինելով: Ըստ նրա, եթե գոնե 5 օր եղանակային բարենպաստ պայմաններ լինեին, ապա իրենք ամբողջությամբ ավարտին կհասցնեին սկսած գործը:
Նշենք, որ քաղաքի այս 2 թաղամասերն սպասարկող երթուղայիններ ու ավտոբուսներ կան, որոնք, նախքան ասֆալտապատման աշխատանքների սկսելը, 2 օր շարունակ գործադուլ էին հայտարարել ու հրաժարվում էին աշխատել, մինչեւ փողոցների բարեկարգումը:




























