Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այս մասին նա ասել է այսօր` դեկտեմբերի 17-ին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ Աղվան Հովսեփյանը «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահն է:
«Ես արդեն զզվել եմ այդ հիմարություններին պատասխանելուց, հրաժարական չեմ պատրաստվում ներկայացնել եւ պատրաստվում են շատ ակտիվ աշխատելու հանուն մեր պետականության, հանուն մեր իրավական համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացման: Այդ հիմարությունները ստեղծված են տարբեր չարամիտ նպատակներով: Բոլորդ գիտեք դա, չնայած դրան, միշտ պնդում եք նման հարցադրումներ: Այդ լուրերը ընդամենը տարածում են մարդիկ, ովքեր դժգոհ են կամ գոհ չեն դատախազության համակարգից, ես ուղղակի ցավով եմ դա նշում եւ խղճում եմ այդ մարդկանց», - ասել է գլխավոր դատախազը:
Այնուհետեւ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստի առթիվ հարուցված քրգործը կարճելու փաստին, գլխավոր դատախազը նշել է. «Հարուցվեց քրեական գործ օրենքով սահմանված կարգով, կատարվեց օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն, որի ընթացքում լիարժեք պարզաբանվեց, թե ինչ է տեղի ունեցել: Պարզաբանելու խնդիր էլ չկա, քանի որ ամբողջ միջադեպը նկարահանված էր, իսկ դա որեւէ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցագործության հանցակազմ չի առաջ բերում: Բավարարված կլինեն, թե` ոչ, մենք գործել ենք օրենքով եւ քրեաիրավական գնահատականը Սուրիկ Խաչատրյանի տվել ենք օրենքով նախատեսված կարգով»:
Հիշեցնենք, որ այդ փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել «ծեծի» հոդվածի հատկանիշներով: Իսկ գործը կարճվել էր, քանի որ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ ծեծի հատկանիշներ չկան, Սուրիկ Խաչատրյանը ընդամենը մեկ անգամ ապտակել է Սիլվա Համբարձումյանին: Վերջինս իր հերթին գոհունակություն էր հայտնել ՀՔԾ որոշումից, քանի որ, ըստ նրա, այտեղ գրված է, որ Սուրիկ Խաչատրյանը զղջում է իր արածի համար:




























