Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն սկսել են ավելի շատ հաշվի նստել միմյանց ներկայության հետ. լրագրողներին դեկտեմբերի 19-ին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Տարեսկզբին մենք դեռ մարտի 1-ի գործով ձերբակալված քաղբանտարկյալներ ունեինք: Այժմ այդ մարդիկ ազատ են արձակվել», - նշել է Իսկանդարյանը` մեկնաբանելով կառավարության եւ ընդդիմության երկխոսությունը, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ամռանը: Քաղաքագետը հայտնել է, որ նախկինում քաղաքական ուժերի մրցակցությունը փոխադարձ բացառման բնույթ ուներ, այժմ Կոալիցիան եւ ընդիմությունը հաշվի են նստում միմյանց ներկայության հետ:
Ըստ Իսկանդարյանի` եւս մեկ հետաքրքիր գործընթաց է իշխանական վերնախավի փոփոխությունը. «Այդ գործընթացը դեռ չի ավարտվել, եւ չգիտեմ` որքան հեռու կգնա: Բայց շարքը` արդարադատության նախարարից մինչեւ ոստիկանության պետ եւ խորհրդարանի խոսնակ, պատահական չէ, եւ այդ քաղաքականության նպատակը «Բիզնեսի կապիտաններին» քաղաքական եւ կադրային որոշումներից որոշակիորեն հեռացնելն է: Այդ գործընթացն ավարտված չէ, բայց, այնուամենայնիվ շարունակվել է ամբողջ տարին,- նկատել է փորձագետը:
Երրորդ գործընթացը ընդդիմության եւ իշխող կուսակցության ներքին հակասություններն են. «Ե'վ ընդդիմությունը, ե'ւ իշխանությունը բազմաշերտ են, նրանց միջեւ մրցակցություն է ընթանում»,- նշել է Իսկանդարյանը: Ըստ նրա` դա պայմանավորված է սպասվելիք ընտրություններով:
«Այսօրվա դրությամբ պարզ չէ` կհամաձայնեն ընդդիմադիր ուժերը մտնել խորհրդարան, թե ոչ: Իշխանությունները վստահեցնում են, որ նոր ընտրությունները Երրորդ հանրապետության պատմության մեջ լավագույնը կդառնան: Ապագան ցույց կտա»,- եզրափակել է Իսկանդարյանը:




























