ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) փոխել է իր պաշտոնական դիրքորոշումը COVID-19-ի ծագման վերաբերյալ՝ շաբաթ օրը հայտարարելով, որ «ավելի հավանական է», որ վիրուսը արտահոսել է չինական լաբորատորիայից, քան փոխանցվել կենդանիներից, հաղորդում է AFP-ն:

Նոր գնահատականը տրվել է այն բանից հետո, երբ Ջոն Ռեթքլիֆը հինգշաբթի հաստատվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում:

Ռեթքլիֆը, որը 2020-21 թվականներին Թրամփի առաջին ժամկետի ընթացքում զբաղեցրել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում ասել է, որ «առաջին օրվա» առաջնահերթությունը կլինի COVID-19-ի ծագման գնահատականը:

«Գործակալությունը պատրաստվում է մի կողմ քաշվել», - Breitbart պարբերականին է ասել Ռեթքլիֆը, որի կարծիքով COVID-19-ը արտահոսել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից:

«ԿՀՎ-ն ցածր աստիճանի վստահությամբ  գնահատում է, որ առկա տեղեկությունների հիման վրա COVID-19 համավարակի հետազոտությունների հետ կապված ծագումն ավելի հավանական է, քան բնական ծագումը», - ասվում է ԿՀՎ-ի խոսնակի հայտարարության մեջ:

Գործակալությունը նախկինում ոչ մի որոշում չէր կայացրել, թե արդյոք COVID-19-ը առաջացել է լաբորատորիայում վթարի հետևանքով, թե փոխանցվել է կենդանիներից:

«ԿՀՎ-ն շարունակում է գնահատել, որ  COVID-19 համավարակի ինչպես հետազոտությունների հետ կապված, այնպես էլ բնական ծագման սցենարները հավանական են մնում»,- ասել է խոսնակը:

Ամերիկացի պաշտոնյան AFP-ին ասել է, որ այս փոփոխությունը հիմնված է ԿՀՎ-ի նախորդ տնօրեն Ուիլյամ Բերնսի պատվերով անցկացված  հետախուզության տվյալների նոր վերլուծության վրա, որն ավարտվել է մինչև Ռեթքլիֆի նշանակումը: