NEWS.am-ն Ամանորի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք մեր նախարարների հետ, որի շրջանակներում էլ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի հետ:

Ինչպե՞ս եք որոշել այս տարի անցկացնել Ամանորը, որտե՞ղ, ու՞մ հետ եւ որքա՞ն եք ծախսում:

Կարծում եմ` Ամանորը ընտանեկան տոն է, միշտ տանն եմ անցկացրել, բայց հաշվի առնելով ընտանիքի անդամների ցանկությունները, արդեն երրորդ տարին է` Ամանորը անցկացնում եմ Ծաղկաձորում` «Մուլտի ռեստում», ոչ միայն նրա համար, որ այն մեր կուսակցության ղեկավարինն է, այլ հենց սկզբից էլ` մինչ կուսակցության անդամ դառնալն այնտեղ էի անցկացնում: Ընտանիքի անդամները միշտ քվեարկում են Ծաղկաձորի օգտին, որպեսզի տանը գործ չանեն: Եթե տանն ես լինում, տան անդամների համար այդքան էլ տոն չէ, տանջանք է: Դեկտեմբերի 31-ից մեկնում ենք Ծաղկաձոր եւ վերադառնում ենք հունվարի 3-ին: Այս տարվա համար արդեն պատվիրել ենք, առանձին տնակ ենք վերցնում, հյուրեր էլ ենք ընդունում, մեր ծանոթների գոնե կեսը Ծաղկաձորում է լինում, այնտեղ ավելի շատ մտերիմների ես հանդիպում, քան` Երեւանում, որովհետեւ ով Ծաղկաձորում չէ, ընդհանրապես Հայաստանից դուրս է: Ճիշտն ասած` չեմ հիշում` նախորդ տարի որքան ծախսեցինք: Երկու հարկանի տնակ ենք վերցնում, մեկ էլ գնալուց երեխաները կարող են մի տորթ կամ խմիչք վերցնել, որ սենյակում էլ լինի, դա սովորաբար պետք չի գալիս: Դա է սովորաբար իմ ծախսը:

Որքանո՞վ եք մասնակցում ամանորյա նախապատրաստություններին: Որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր երեխաներին, կնոջը, մտերիմներին: Ո՞րն էր  ամենահիշարժան նվերը, որ ստացել եք Ամանորին:

Սովետական միության ժամանակ, երբ ամեն ինչ դեֆիցիտ էր, տղամարդիկ ավելի ակտիվ էին, երեւի 90 տոկոսը ես էի անում, անգամ տոնածառ զարդարելը, իհարկե հաճույքով էի անում: Ով տոնածառը զարդարում է, նա էլ դրանով ուրախանում է, ոնց որ մնացածին չվերաբերի, պիտի «ամագ» ունենաս վրան, հիմա տոնածառ զարդարելը թողել ենք երեխաներին, թեեւ վերջին տարիներին իրենք տոնածառ չեն դնում, ինչ-որ ճյուղ են բերում եւ այլն` հաշվի առնելով, որ տանը չենք: Հիշում եմ, որ նախկինում, երբ երեխաներս ավելի փոքր էին` 93-94թթ, երբ Հայաստանում չէի ապրում, հյուրանոցի համար էինք վերցնում ու տոնածառ էինք դնում: Ինչ վերաբերում է նվերներին, ապա հաշվի առնելով, որ երեխաներս մեծ են, ավելի լավ են կողմնորոշվում նվերներում, ես ֆինանսավորում եմ, իրենք գնում են նվերները: Որպես օրենք` նվերը ինձ չեն ասում, որ անակնկալ լինի: Ամենահիշարժանն այն է, երբ երեխաներս ինձ բացիկ էին նվիրել, քույր ու եղբայր գրել էին, նկարել էին, մինչեւ հիմա պահում եմ: Ամենացանկալի նվերը այն է, երբ դու ի սրտե ես նվիրում, վերցնողն էլ ի սրտե է ընդունում եւ ուրախանում դրանից:

Կա՞ն ինչ-որ կերակուրներ, որոնք անձամբ եք պատրաստում: Ամանորյա սեղանից ի՞նչն եք սիրում: Ի՞նչ եք խմում եւ ինչքա՞ն:

Անձամբ ես չեմ պատրաստում, բայց ես սիրում եմ գնահատել: Երբ մայրս կենդանի էր, միշտ հարիսա էր պատրաստում եւ հունվարի 1-ին առավոտ շուտ անպայման պարտադրում էր ուտել, հետո ուր ուզում ես, գնա: Դա դարձավ սովորույթ: Ընդհանրապես` հասարակ կերակուրը շատ է ձգում, հետո ուտելուց հետո մարսել էլ է պետք: Մի բան էլ կա, եթե մարդը լրիվ կուշտ է, իր ցանկությունները թուլանում են, իսկ տոն օրով չարժե ցանկությունները թուլացնել: Պետք է այնքան ուտել, որ սեղանից վեր կենալիս ի վիճակի լինես ադյքան էլ ուտել, ոչ սովածն է մի բան, ոչ էլ այդքան կուշտը: Հիմա էլ կուտեմ հարիսա, պատրաստող չկա: Իսկ խմիչքներից գերադասում եմ գինի եւ կոնյակ:

Ի՞նչ հուշեր կան Ձմեռ պապիկից, ինքներդ Ձմեռ պապ եղե՞լ եք: Դիմակահանդեսներին ինչպե՞ս եք վերաբերում:

Մոտ երեք տարի առանց ծնողների եմ ապրել, ծնողներս ուղարկել էին Թիֆլիս` մորաքրոջս մոտ, որ այնտեղ մանկապարտեզ գնամ, ցիվիլ մեծանամ: Մի անգամ նվեր տվեցին, ասացին` Ձմեռ պապիկն է բերել, զարմացել էի, ասացի` բա որ սենց լավ բան կա, ինչի մինչեւ հիմա չէր տալիս: Հետո Բուլղարիայում փորձում էի երեխաներիս ապացուցել, որ Ձմեռ պապ կա: Երբ մանկապարտեզ էին գնում, մի քանի տարի երեխաների համար Ձմեռ պապ եմ խաղացել, լավ պատրաստվում էինք, իրենք չէին էլ կասկածում, որ դա ես եմ: Հետո, որ մեծացան, էլ Ձմեռ պապը չէր գալիս, միայն նվերները դնում էր գնում, դե արդեն կիմանային, լավ չէր լինի, որ սուտասանի անուն հանեի: Դիմակահանդեսներին լավ եմ վերաբերում: Փոքր ժամանակ մայրիկս էր օգնում, ինքն էր գտնում, սարքում: Մի շրջանում, երբ  Տիգրան Պետրոսյանը չեմպիոն էր, շախմատային տարի է, ֆորմա ունեի, դեմը` շախմատային նշաններով: Վենետիկից մի 10 դիմակ էի բերել, մինչեւ հիմա էլ ունեմ, շատ էի հավանել, կեսն էլ նվիրել ենք: Եթե դիմակահանեդեսի մասնակցեի, մարդու կերպարով կներկայանայի:

Ինչպիսի՞ն էր տարին Ձեր ընտանիքի համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վիշապից:

Լավ տարի էր, իմ տարիքում արդեն մարդ այդ ամենը գնահատում է` երեխաների լավ լինելով, եթե նրանք լավ են, դու էլ ես լավ, մարդու կյանքի շարունակությունը երեխաներով է: Մեր տանը երկու վիշապ կա` ես ու աղջիկս, անկախ նրանից` ում տարին է, դու ուզում ես, որ քոնը լինի: Մեկ տարուց աղջիկս կավարտի Ամերիկյան համալսարանը, իսկ տղաս կգա բանակից:

Պաշտոնյաններից ո՞ւմ տներն եք այցելում, ձեր տուն այցելո՞ւմ են:

Այդպիսի ավանդույթ չկա մեզ մոտ: Կուսակցության ղեկավարին էլ չենք գնում շնորհավորելու, մեր առաջնորդը (Գագիկ Ծառուկյանը-խմբ) հնարավոր է` Երեւանում էլ չլինի: Մինչ այդ օլիմպիական կոմիտեն կազմարեպում է, բոլորով հավաքվում ենք, իրար շնորհավորում: Այնպես չի լինում, որ մի հատ էլ առանձին նախարարները գնան, համենայն դեպս` վերջին երկու տարին այդպես է եղել: Անհասականալի է` առանձին գնաս, որ ի՞նչ, դա տպավորություն է թողնում, որ դու ինչ-որ գաղտնիք ունես: Կարծում եմ, որ այսպես ճիշտ է, մեզ մոտ դեմոկրատական է, պարտադրանք չկա: Այս տարի որոշել ենք նաեւ առանձին կոլեկտիվով հավաքվել: Առաջին փորձն է, տեսնենք` ինչպես կստացվի, դա կախված է, թե մարդը ինչ տրամադրությամբ է գալիս եւ ինչ տրամադրությամբ է գնում: Վերջիվերջո, կյանքը այն օրերը չեն, որ անցել են, այն նրանք, որոնք հիշում ես:

Եթե հավատանք, որ Ամանորի գիշերը երազանքներն իրականանում են, ի՞նչ կմտապահեիք:

Ամանորը զանգվածային տոն է, այդ պատճառով էլ ուզում ես բոլորին ուրախ, լավ տեսնել: Կցանկանայի, որ բոլորի տրամադրությունը մի փոքր ավելի լավը լինի, քան քոնն է, որպեսզի դու լինես ստացողի դերում, ոչ թե տվողի: Քանի որ ինքս էլ ուրախ մարդ չեմ, ինձ համար դա կարեւոր է; Կցանկանամ, որ բոլոր լինեն իրենց հարազատ մարդկանց կողքին: Ցանկանում եմ, որ մեր թիմը հաջորդ տարում շատ ավելի հաջողակ լինի, իրեն լավ զգա: Ուզում եմ, որ պատերազմ չլինի, որ բոլոր հայաստանցիները ուրիշի հաջողությունը չընդունեն որպես իրենց անհաջողություն: Մրցես ոչ թե ուրիշի, այլ ինքդ քո հետ: Երիտասարդներին ես կցանկանայի, որ միշտ բարձրացնեն իրենց մրցունակությունը, որ հայրենիքն իրենցով հպարտանա:

 

Զրուցեց` Ինգա Մարտինյանը