Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, 5 տոկոսանոց արգելքը կհաղթահարեին չորս քաղաքական ուժեր: Դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, այդ ուժերը կլինեին Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Ինչ վերաբերում է այլ կուսակցություններին, նրանք կարող են մոտ լինել հինգտոկոսանոց արգելքին եւ անգամ հաղթահարել, սակայն հստակ կանխատեսում անելը դեռ վաղ է»,- հստակեցրել է Իսկանդարյանը:
Փորձագետի խոսքով, կոալիցիայի երկու գլխավոր ուժերի` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մրցակցությունն ունի լիովին իրական բնույթ: «Դա բնավ պատրանք չէ: Հարցն այն է, թե ինչ դրսեւորում կունենա, կվերաճի արդյոք ցուցադրական բնույթի բաց բողոքի: Չեմ կարծում, թե ԲՀԿ-ն դրա համար բավարար ռեսուրս ունի»,- ամփոփել է Իսկանդարյանը:




























