Իսրայելի եւ Լիբանանի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել մինչեւ փետրվարի 18-ը երկարաձգել Լիբանանի տարածքից իսրայելական զորքերի դուրսբերման ժամկետի մասին համաձայնագիրը։ Այս մասին նշվել է Սպիտակ տան կիրակի օրը տարածած հայտարարությունում։
«Լիբանանի եւ Իսրայելի միջեւ համաձայնագիրը, որը վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, կշարունակի գործել մինչեւ 2025թ. փետրվարի 18-ը»,- նշվել է փաստաթղթում։
«Լիբանանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները բանակցություններ կսկսեն 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո կալանավորված լիբանանցի բանտարկյալների վերադարձի շուրջ»,- նշվել է հայտարարությունում։
Նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել 60-օրյա զինադադարի մասին համաձայնագիրը։ Դրա պայմաններով նախատեսվում էր, որ Իսրայելն ամբողջությամբ դուրս կբերի զորքերը հարավային Լիբանանից մինչեւ հունվարի 27-ը:





























