Սերբիայի պաշտոնաթող վարչապետ Միլոշ Վուչևիչը երկրում ուսանողների զանգվածային բողոքի ցույցերը համարել է «արտերկրից ծրագրված»:
«Լուրջ պառակտումը լուրջ հետևանքներ է ունենում հասարակության համար։ Սա բացարձակապես ծրագրված էր դրսից, նենգաբար ծրագրված և ուղղված կրթության դեմ։ Միմյանց չհասկանալու միտում, անթիվ վեճեր ու հակամարտություններ ամբողջ Սերբիայում։ Ինչքան էլ հանդարտության կոչ էինք անում, միշտ ինչ-որ վատ սցենարով ինչ-որ բան էր տեղի ունենում։ Կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք նոր միջադեպ ստեղծեց և լարվածություն առաջացրեց հասարակության մեջ»,- ասել է նա մամուլի ասուլիսում, հաղորդում է «Նովոստին»:
Սերբիայի վարչապետն ասել է, որ «շուտով նրանք, ովքեր դա արել են, կզղջան»։
«Ես ոչ մի կերպ չեմ կարող արդարացնել այս բողոքի ակցիաները, կյանքի շրջափակումը, ճանապարհների շրջափակումը, այլ կերպ մտածող քաղաքացիների վրա հարձակումները, սովորել ցանկացող ուսանողների վրա հարձակումները, ուսանողների նկատմամբ տեռորը..., վիրավորանքները, ծնողների նվաստացումը։ Սա աղետ է հասարակության համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Վուչևիչը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ ուսանողների բողոքի ակցիաների ֆոնին:





























