ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ծրագրում է խոսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և որ Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպելու իր հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը չի նշել անձնական հանդիպման ամսաթիվը, սակայն ասել է, որ դա տեղի կունենա «շատ շուտով»:
Հանդիպումը տեղի է ունենում վեցշաբաթյա փխրուն զինադադարի ֆոնին, որը ժամանակավոր դադար է բերել Գազայում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև 15 ամսվա մարտերում:
Թրամփը նաև երկուշաբթի օրը կրկնել է, որ ցանկանում է, որ Եգիպտոսը ընդունի Գազայի հատվածից պաղեստինցիներին, որոնց բնակչության մեծ մասը տեղահանվել է Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով:
«Կուզենայի, որ նա ոմանց ընդուներ։ Մենք շատ ենք օգնում նրանց, և ես վստահ եմ, որ նա էլ կարող է օգնել մեզ»,- ասել է Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի մասին, ում նա անվանել է «ընկեր»:
«Ես կցանկանայի, որ նրանք ապրեին մի տարածքում, որտեղ կարող էին ապրել առանց ցնցումների, հեղափոխությունների և բռնությունների»,- ասել է Թրամփը Գազայի պաղեստինցիների մասին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահն առաջարկել էր Եգիպտոսին և Հորդանանին, որոնք սահմանակից են Իսրայելին և Պաղեստինի օկուպացված տարածքներին հարավից և արևելքից համապատասխանաբար, ընդունեն պաղեստինցիներին Գազայից, քանի որ «այնտեղ գրեթե ամեն ինչ ավերված է, և մարդիկ մահանում են»։





























