Կառավարության՝ Իլոն Մասկի գլխավորած արդյունավետության բարձրացման նախարարությունը (DOGE) հավաստիացնում է, որ արդեն տնտեսում է ԱՄՆ կառավարության համար օրական 1 մլրդ դոլար եւ կավելացնի այդ ցուցանիշը մինչեւ օրական 3 մլրդ դոլարի: Այս մասին նշվել է գերատեսչության X-ի հաղորդագրությունում։
«DOGE-ն օրական տնտեսում է դաշնային կառավարության համար մոտ 1 մլրդ դոլար՝ հիմնականում դադարեցնելով անհարկի պաշտոններում մարդկանց աշխատանքի ընդունելը, վերացնելով DEI (բազմազանություն, հավասարություն եւ ներառում) ծրագրերը եւ վերջ տալով օտարերկրյա կազմակերպությունների անհարկի վճարումներին, որոնք բոլորը համապատասխանում են նախագահի հրամանագրերին»,- նշել են գերատեսչությունում։
«Հիանալի սկիզբ է, բայց պետք է այս ցուցանիշը հասցնել օրական ավելի քան 3 մլրդ դոլարի»,- նշվել է հաղորդագրությունում:
Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է կառավարության արդյունավետության վարչության DOGE (Department of Government Efficiency) ղեկավար: Ինչպես ավելի վաղ նշել էր NBC News հեռուստաալիքը, չնայած անվանմանը՝ DOGE-ն լիարժեք նախարարություն չի լինի դաշնային կառավարության կազմում. նման բաժանմունքի ստեղծումը պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը: Թրամփը հայտարարել է, որ DOGE-ն «կտրամադրի ցուցումներ եւ խորհուրդներ դրսից»։





























