Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը դեկտեմբերի 15-ին երկրի խորհրդարան է մտել կոստյումի վրա ամրացրած կրծքանշանով, որի վրա գրված է եղել. «Պուտի'ն, արի մոտս. գնա' տեղդ» («Путин, ко мне. Место!»):
Նրան այդ կրծքանշանով լուսանկարել է Mf Dnes թերթի թղթակիցը: Ավելի ուշ նախարարը հեռախոսով Zpravy.idnes.cz հրատարակչությանը պարզաբանել է, որ կրծքանշանը աղջկա նվեր է, գրում է minprom.ua-ն:
Նախարարի խոսքով` ինքը պարզապես ցանկացել է դուր գալ աղջկան, որն իրեն նվիրել է դա, եւ անգամ չի էլ տեսել, թե ինչ է վրան գրված: Կ. Շվարցենբերգը նշել է, որ կվշտանա, եթե Ռուսաստանի Դաշնության վարչապետը դրա համար վիրավորված լինի:
«Ես դա ընկալում եմ իբրեւ կատակ», - ասել է նա: Դրա հետ մեկտեղ, Չեխիայի արտաքին գործերի ստվերային նախարար Լյուբոմիր Զաորալեկը վրդովմունք է հայտնել դիվանագետի քայլի կապակցությամբ` նրա արարքը անվանելով ոչ պատշաճ:
«Ինքնարտահայտվելու այլ միջոցներ կան», - ընդգծել է նա: Ստվերային նախարարի կարծիքով` Շվարցենբերգի արարքը կարող է անդրադառնալ չեխ-ռուսական հարաբերությունների վրա:




























