ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե բոլոր դաշնային աշխատողներին առաջարկել է փաթեթներ՝ ութ ամսվա վարձատրություն աշխատանքից ազատման դիմաց, ինչը հանդիսանում է ԱՄՆ կառավարությունը կրճատելու և բարեփոխելու լուրջ քայլ։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Երեքշաբթի ուղարկված էլեկտրոնային նամակում ԱՄՆ նախագահի վարչակազմը աշխատակիցներին ասել է, որ նրանք պետք է մինչև փետրվարի 6-ը որոշեն, թե արդյոք ցանկանում են մասնակցել «աշխատանքից հետաձգված ազատման» ծրագրին:
Եթե մինչև այդ ժամանակ նրանք համաձայնեն ազատվել աշխատաքից սեպտեմբերին, ապա որպես արձակման վարձ կստանան ութ ամսվա աշխատավարձ։
Թրամփի վարչակազմը հուսով է, որ աշխատակիցների մինչև 10%-ը, այսինքն՝ դաշնային կառավարությունում աշխատող ավելի քան երկու միլիոնից մոտ 200 հազար մարդ կընդունի առաջարկը։ Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաները ամերիկյան լրատվամիջոցներին ասել են, որ այս փաթեթները կարող են օգնել կառավարությանը խնայել մինչև 100 միլիարդ դոլար:
Կառավարության մարդկային ռեսուրսների գործակալության՝ ԱՄՆ-ի Անձնակազմի կառավարման գրասենյակի (OPM) զեկույցում նշվում է նախատեսվող բարեփոխումների մասին, ներառյալ այն պահանջը, որ աշխատակիցների մեծ մասն աշխատի իրենց գրասենյակներում շաբաթական հինգ օր:
Անցյալ շաբաթ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփն արդեն հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ տնից աշխատելու քաղաքականության ավարտի մասին։
OPM-ում հայտնել են, որ առաջարկը հասանելի է «բոլոր լրիվ դրույքով դաշնային աշխատողներին», բացառությամբ որոշ աշխատողների, ինչպիսիք են փոստային աշխատողները, զինվորականները, ներգաղթի գծով պաշտոնյաները և ազգային անվտանգության որոշ աշխատակիցներ:





























