Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանից որևէ ազդանշան չկա, որ Ֆինլանդիան կարող է բացել իր արևելյան սահմանը՝ գրում է Yle-ն։

«Մենք դեռևս չենք տեսնում որևէ նշան ռուսական կողմից, որ սահմանի բացման դեպքում ուղղորդված միգրացիան չի շարունակվի։ Հստակություն չկա, և ես կարծում եմ, որ դժվար է բացել սահմանը։ Գնդակը, փոխաբերական կերպով ասած, ռուսների դաշտում է»,- ասել է Ստուբը Լապենրանտա այցելության ժամանակ:

Ասուլիսի սկզբում պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ «Արևմտյան Եվրոպան այժմ ավելի հաճախ է ականատես լինում ռուսական հիբրիդային պատերազմին՝ իր տարբեր ձևերով»։

«Չափազանց կարևոր է, որ մենք՝ ֆիններս, հանգստություն պահպանենք»,- ասել է նախագահը։

Ստուբին նաև հարցրել են, թե ինչպես կարող է Ֆինլանդիան աջակցել Դանիային Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Նա հիշեցրել է, որ այս հարցը քննարկվել է սկանդինավյան երկրների ղեկավարների հանդիպմանը։ Ստուբի կարծիքով՝ սկանդինավյան երկրների ներսում նման քննարկումներն ու հանդիպումները Ֆինլանդիայի համար Դանիային աջակցելու հիմնական միջոցն են։