Միլիարդատեր ֆինանսիստ Հովարդ Լուտնիկը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է Առևտրի նախարարության ղեկավարի պաշտոնում, չորեքշաբթի օրը  հայտարարել է, որ 90 օրվա ընթացքում կվաճառի իր բոլոր գործարար ակտիվները։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

«Ես կվաճառեմ իմ բոլոր շահերը, բոլոր գործարար շահերը, բոլոր ակտիվները, ամեն ինչ։ Ես որոշում եմ կայացրել, որ կյանքում բավականաչափ փող եմ վաստակել»,- ասել է Լուտնիկը՝ չորեքշաբթի օրը Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովում թեկնածության հաստատման լսումների ժամանակ:

Լուտնիկը, ով Cantor Fitzgerald ներդրումային ընկերության ղեկավարն է, ունի բարդ գործարար հարաբերություններ: Նրա ֆինանսական հայտարարագրում նշված է, որ նա պաշտոններ է զբաղեցնում ավելի քան 800 ընկերություններում և այլ մասնավոր կազմակերպություններում:

Լուտնիկին ներկայացրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով նրան անվանել է «ուղղակի լավ տղա»:

Լուտնիկը, ով ղեկավարում էր Cantor Fitzgerald ներդրումային ընկերությունը, դարձել է Թրամփի կոշտ առևտրային քաղաքականության բացահայտ ջատագովը։