Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է հրապարակել Հայկական ԽՍՀ-ի դատախազության կողմից հարուցված քրեական գործերի մասին նյութերը, որոնք վերաբերում են 1980-ականների վերջին Ադրբեջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Սումգայիթում հայերի հանդեպ իրականացված հրեշավոր գործողություններին։ Այդ գործերի հիման վրա էլեկտրոնային արխիվ է ստեղծվում, որի հետ ծանոթանալու հնարավորություն կունենան լայն հասարակությունը եւ հետաքրքրվող բոլոր կողմերը։
NEWS.am-ը հրապարակում է հատվածներ հրապարակված նյութերից։ Գաղտնազերծված արխիվներից պարզ է դառնում, որ Խորհրդային Հայաստանի դատախազությունն այս գործի առնչությամբ նախաքննություն է սկսել։ Այդ նյութերում բավական հետաքրքիր փաստեր կան. "Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից 1988թ. փետրվարի 28-ին Սումգայիթում հայերի ջարդերով եւ սպանություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ են կազմակերպվել։ ԽՍՀՄ դատախազության կողմից փաստերի հիման վրա դատական գործ է հարուցվել։
Սումգայիթում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ մի քանի հազար հայ ընտանիքներ լքել են այդ քաղաքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։ Հարուցված գործի շրջանակներում ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւը հանձնարարել է Հայկական ԽՍՀ դատախազությանը փախստականնների մեջ գտնել տուժածներին, վկաներին եւ ըստ կարգի հարցաքննել նրանց, անհրաժեշտ այլ գործողություններ ձեռնարկել եւ նյութերն ուղարկել իրեն՝ Բաքու։
Հայկական ԽՍՀ-ի գլխավոր դատախազի տեղակալ Բաղդասարյանը ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւի հանձնարարականով 8 հոգուց բաղկացած քննչական խումբ է կազմել։ Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակում է այդ գործի նյութերը։
Հովհաննես Խաչատուրյանը հարցաքննության ժամանակ ասել է. «Բեռնատարից իջեցրին նախօրոք պատրաստված մետաղյա ձողերը. ինչո՞ւ նախօրոք պատրաստված, որովհետեւ դրանք բոլորը նույն երկարության էին։ Ինչպես հետո իմացա, դրանք պատրաստվել էին Սումգայիթի գործարաններից մեկում։ Այդ ձողերը միանգամից բաժանվեցին, եւ հարթակին կանգնած մարդը կոչ արեց մյուսներին դրանցով սպանել հայերին։ Երբ ամբոխը մոտեցավ այնտեղ, որտեղից ես հետեւում էի այդ ամենին, ես տեսա, որ ամբոխի առջեւից քայլում է Սումգայիթի քաղկոմիտեի առաջին քարտողար Մուսլիմ- զադեն։ Նա, շրջվելով դեպի ամբոխն, ասաց, որ կարող են անել ամեն ինչ, բայց պետական գույքը չվնասեն։ „Սպանի՛ր հայերին, խփի՜ր հայերին“ կարգախոսներով պաստառներ կային։ Ամբոխի շարժը կարգավորում էին ԳԱԻ-ի աշխատակիցները: Նրանք կանգնեցնում էին մեքենաները եւ ճանապարհ էին բացում ամբոխի համար»:
Մեկ այլ վկա՝ Էդուարդ Սարգսյանը լսել է, թե ինչպես է 1988թ. փետրվարի 27-ին մինչեւ հիվանդանոց աղմուկ հասել, բայց այդպես էլ չի հասկացել՝ բանն ինչում է։ Փետրվարի 28-ի առավոտյան հավաքարարը պատմել է, որ քաղաքում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ միջոցառումներ են իրականացվում։ Նրա խոսքով, ամենուրեք հայերին սպանում էին եւ ոչնչացնում նրանց ունեցվածքը։ Վկան պատմում է, որ լսում էր, թե ինչպես էր ամբոխը գոռում եւ պահանջում սպանել, Սումգայիթից վտարել հայերին։ Ոչ հեռու կանգնած ոստիկանները ոչինչ չէին անում իրավիճակը վերահսկելու համար։
.
«Մի բեռնատարով անընդհատ մարդկանց էին բերում ու կոչ անում նրանց սպանել հայերին։ Ավելի ուշ, ամբոխը փորձում էր հիվանդանոց մտնել եւ պարզել, թե հիվանդների մեջ հայեր կա՞ն»: Մոտավորապես ժամը 19:00-ին նա տեսել է, որ տարբեր տարիքի շուրջ 200 հոգի վազում են 25-ամյա մերկ մի կնոջ հետեւից։ «Հիվանդանոցից 200մ հեռավորության վրա ամբոխը շրջապատեց կնոջը, եւ թե ինչ եղավ հետագա 10 րոպեների ընթացքում, այլեւս չերեւաց։ Դրանից հետո ամբոխը ցրվեց տարբեր ուղղություններով, իսկ կնոջ մարմինը մնաց գետնին ընկած։ Նա անձրեւի տակ մնաց մինչեւ կեսգիշեր։ Կինը հայ էր եւ հղի էր։ Ամբոխը նրան ստիպել էր մերկ վիճակում պարել։ Հարկ է նշել, որ ամբոխի մեջ կանայք եւս կային»,- վկայում է Էդուարդ Սարգսյանը։
Մեկ այլ վկայի՝ Էդուարդ Խաչատուրյանի պատմածներով, կանգառներում խմբերով երիտասարդ ադրբեջանցիներ էին թափառում եւ հարցնում էին, թե հայեր կա՞ն": Չճանաչվելու համար նա քայլել է աչքերը գետնին հառած։ Նա տեսել է, թե ինչպես են շրջել հայերի մեքենաները եւ այրել դրանք։ «Ժամը 18-ի սահմաններում ամբոխը մեր բակ մտավ։ Մի քանի ժամ անց տեսա գետնին ընկած հարեւան հայերի՝ Կոլյայի եւ Սեդայի դիակները։ Դրանց մտ կանգնած ադրբեջանցիները ոտքերով հարվածում էին մարմիններին»: Ավելի ուշ նա տեսել է, թե ինչպես են այրում արդեն մահացած մի մարդու։ «Այդ դիակը վառվում եւ ծխում էր շուրջ 4 գիշեր, իսկ ամբոխը մինչ այդ ցրվել էր։ Արդյունքում պարզվեց, որ այրում էին №5 տան հայազգի բնակիչ Յուրային»,- պատմում է Խաչատուրյանը։
Վկա Ռաիսա Դալլաքյանը պատմում է. «Ես մեր տան պատուհանից տեսա, թե ինչպես մոտ 40 տարեկան մի տղամարդ բարձրախոսով ցուցումներ էր տալիս։ Ես եւ ամուսինս վախեցանք եւ գնացինք հարեւան ադրբեջանցիների տուն։ 1988թ. մարտի 1-ի առավոտյան մենք վերադարձանք մեր բնակարան: Մի քանի րոպե անց քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ եկան եւ մեզ մեքենա նստեցնելով՝ տարան սինթետիկ կաուչուկի գործարանի մշակույթի պալատ։ Այստեղ այնքան շատ հայ էր հավաքված, որ ասեղ գցելու տեղ չկար։ Ինձ մոտեցավ մեր դպրոցի շրջանավարտ Կարինա Մեժլումյանը։ Նա հազիվ էր քայլում, ամբողջովին կապտուկների մեջ էր եւ պատմեց, որ իրենց իսկ տանը իրեն եւ քրոջը 17 ադրբեջանցիներ են բռնաբարել։ Մինչ այդ նրանք վիճաբանել են, թե ով առաջինը պետք է անի դա։ Նա բացեց կուրծքը, եւ ես տեսա, որ մարմնի այդ հատվածում խաչի տեսքով կտրվածքներ կան»:
Շարմաղ Հայրապետյանը պատմում է, որ տեսել է, թե ինչպես է մի տան պատուհաններից ծուխ դուրս գալիս, եւ իրերը դուրս են շպրտվում։ «Ես մի ադրբեջնուհու իրենց լեզվով հարցրի, թե ինչ է եղել։ Նա ասաց, որ հենց նոր այդ տան պատշգամբից մի հայուհու են նետել ներքեւ։ Ես թաքցրի, որ հայ եմ»:
Լաուրա Զախարյանը պատմում է, որ 1988թ. փետվարի 28-ին իր հետ հիվանդանոցում պառկած բոլոր հայուհիները, վախենալով հաշվեհարդարից, տուն էին գնացել։ Միայն ինքն է մնացել այնտեղ, քանի որ սրտային հիվանդություն ուներ եւ չէր կարող դուրս գալ հիվանդանոցից։ Մի քանի ժամ վախից պառկած մնալով անկողնում՝ նա վեր է կացել, երբ մի կնոջ ճիչ է լսել։ Նա պատուհանից տեսել է, թե ինչպես մոտ 50 մարդ վազում է մի կնոջ հետեւից, ով հիստերիայի մեջ ընկած ճչում էր եւ օգնություն խնդրում։ «Նա միայն գիշերազգեստով էր, բայց փողոցով անցնողներն անտարբեր էին այդ ամենի հանդեպ եւ չէի ուզում օգնել նրան»: Նա տեսել է, թե ինչպես մեկը դանակահարել է նրան, իսկ հետո ամբոխը պատռել է նրա շապիկը եւ ոտքերով հարվածել։ Ընկած վիճակում նրան կրկին մի քանի անգամ դանակահարել են: Հետո երբ կինն արդեն մահացած էր, նա տեսել է, թե ինչպես մի լայնաթիկունք տղամարդ կռացել է դիկաի վրա եւ շիշը մխրճել նրա…":




























