«Հայփոսթ թրասթ մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը դեկտեմբերի 15-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի փոստային կապի ազգային օպերատոր «La Poste»-ի տնօրեն, «Post Europe»-ի նախագահ Ժան Պոլ Ֆորսեւիլի հետ։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոստային օպերատորի գործառույթների բարելավման առկա նախահիծը, որը կազմվել է շուրջ մեկ տարի «La Poste»-ի մասնագետների ուսումնասիրության եւ նախագծման արդյունքում: Այս տարվա ընթացքում 14 մասնագետներ եղել են Հայաստանում եւ իրականացրել են մոնիտորինգ` հասկանալու համար, ինչպես է իրականացնում աշխատանքը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը եւ ինչպես կարելի է բարելավել «Հայփոստի» լոգիստիկ սխեմաներն ու սորտավորման գործընթացը:
Արդեն գալիք տարվա սկզբին կսկսվի գործառույթների վերակազմավորման փուլը, որի իրականացումը հնարավորություն կտա ավելի օպերատիվ իրականացնել առաքանիների փոխանցումը եւ բարձրացնել ծառայությունների որակը:
2012թ. նոր լոգիստիկ սխեմաների եւ սորտավորման գործընթացի կառավարումը «Հայփոստը» կիրականացնի «La Poste»-ի մենեջերների ղեկավարմամբ:
Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 6-ին Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ը եւ Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ը կնքել են համալիր համագործակցության պայմանագիր, որի հիմնական ուղղվածությունն է «Հայփոստ»-ի գործառույթների եւ ծառայությունների բարելավումը:
Լուսանկարը տրամադրել է «Հայփոստ» ՓԲԸ-ն




























