Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում այսօր` դեկտեմբերի 19-ին, քննարկվել են եւ ի գիտություն ընդունվել 2012թ. միջոցառումների ծրագրից բխող նախարարության, ինչպես նաեւ նախարարության ենթակայության ներքո գործող  Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ  Միգրացիոն պետական ծառայության` 2012թ. գերակա խնդիրներն ու միջոցառումները: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ  նախատեսվում է մշակել առաջարկությունների փաթեթ, որոնց իրականացման արդյունքում հնարավորինս կպարզեցվեն ՏԻՄ - գործարար հատված հարաբերությունները, կներկայացվեն առաջարկություններ` ՏԻՄ- երից վարչական կախվածության գործոնը էականորեն նվազեցնելու կամ պարզեցնելու ուղղությամբ:

Նիստում քննարկվել են նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների հայեցակարգի» նախագիծը: ՏԿՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի ներկայացմամբ` հայեցակարգի նպատակն է հստակորեն սահմանել եւ տարանջատել «տեղական տուրքեր» եւ «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները եւ բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի ու վճարների տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելիս, ինչպես նաեւ հստակեցնել ՏԻՄ-երի լիազորություններն այդ հարցում: Այդ նպատակով կառաջարկվեն  նաեւ օրենսդրական փոփոխություններ կամ կմշակվի նոր օրենքի նախագիծ: Ա. Գեւորգյանը հանձնարարեցլ է մինչ նախագիծը կառավարություն ներկայացնելը` այն լրամշակել: