Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` դեկտեմբերի 19-ին, կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկություններ է ներկայացրել առաջիկա ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղական մարմիններին նոր Ընտրական օրենսգրքով վերապահված լիազորությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքով, ՏԻՄ հերթական ընտրություններ, բացառությամբ Երեւանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ: Այս դրույթն ուժի մեջ է մտնում 2012թ. հունվարի 1-ից, եւ 2012թ. ընթացքում առաջին ՏԻՄ ընտրությունները կկայանան փետրվարի 12-ին:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվեց, որ բոլոր մարզերում ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով իրականացվել են: Ընթացքում են ծրագրի երկրորդ մասի աշխատանքները, կատարողականը ներկա դրությամբ կազմում է մոտ 30 տոկոս: Ա. Գեւորգյանը հիշեցրեց, որ ծրագրի երկրորդ մասով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2012թ. սեպտեմբերի 1-ը, եւ եւս մեկ անգամ հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը:
Անդրադարձ եղավ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Տեղեկացվեց, որ բոլոր մարզերում այն կավարտվի մինչեւ տարեվերջ: Փոխվարչապետը կրկին հորդորեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:
Զեկուցվեց նաեւ համայնքներում աշխատավարձերի գծով պարտքերի մարման ընթացքի մասին: Նշվեց, որ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ առկա 2,3 մլրդ դրամ պարտքից ներկայումս մնացել է ընդամենը 201,8 մլն-ը: Ընթացիկ տարվա պարտքը կազմում է 7,3 մլն դրամ, որը նախատեսվում է մարել մինչեւ տարեվերջ:
Անդրադարձ եղավ համայնքներում «Հայփոստի» բաժանմունքների համար տարածքների տրամադրման գործընթացին: Նշվեց, որ այն համայնքներում, որտեղ «Հայփոստին» տրամադրված տարածքները գտնվում են ժամանակավոր կացարաններում, համապատասխան տարածքի հատկացման դեպքում ընկերությունը ծրագրում է կառուցել տիպային փոստային բաժանմունքներ:
Կարեւորեց նաեւ մարզերում ամանորյա տոնակատարությունների պատշաճ կազմակերպումը: Հիշեցնենք, որ տոնական միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ մարզպետարաններին հատկացրել էր 100 մլն դրամ։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր:




























