ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կարող է վերջապես հանրությանը հնարավորություն տալ ծանոթանալ Ջեֆրի Էփշտեյնի երկար սպասված «սև գրքին», քանի որ հանգուցյալ ֆինանսիստի և սեքս-առևտրականի վերաբերյալ հարցերը շարունակում են ի հայտ գալ Նյու-Յորքի դաշնային բանտում նրան մահացած գտնելուց տարիներ անց, հաղորդում է Fox News-ը։

Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Մարշա Բլեքբերնը, որն արդեն վաղուց կոչ է անում կառավարությանը ավելի շատ ապացույցներ հրապարակել Էփշտեյնի և նրա հավանական հանցակիցների դեմ, այս հարցը բարձրացրել է  հինգշաբթի օրը կայացած Սենատի լսումների ժամանակ, երբ հաստատվում էր  ՀԴԲ տնօրենի պաշտոնում  Քեշ Փաթելի թեկնածությունը:

«Ես տարիներ շարունակ զբաղվել եմ այս հարցով՝ փորձելով տվյալներ ստանալ այն մասին, թե ով էր թռչում Էփշտեյնի ինքնաթիռով և ով օգնեց նրան ստեղծել մարդկանց առևտրի և սեռական շահագործման միջազգային այս ցանցը», - ասել է Բլեքբերնը ՀԴԲ տնօրենի թեկնածուին:

Ըստ նրա, նախկին փորձերը՝ համոզելու կոմիտեի նախկին նախագահ սենատոր Դիկ Դուրբինին ստուգել տեղեկատվությունը, հաջողությամբ չեն պսակվել, իսկ ՀԴԲ նախկին տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հրաժարվել տվյալներ տրամադրել:

«Կհամագործակցե՞ք ինձ հետ այս հարցում, որպեսզի մենք իմանանք, թե ով է համագործակցել Ջեֆրի Էփշտեյնի հետ սեռական առևտրի ցանցեր ստեղծելու գործում»,- հարցրել է Բլեքբերնը Փաթելին։

«Միանգամայն ճիշտ է, սենատոր, - պատասխանել է Փաթելը: - Սեռական շահագործման նպատակով երեխաների առևտուրը տեղ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ես կանեմ ամեն ինչ, եթե հաստատվեմ որպես ՀԴԲ տնօրեն, որպեսզի ամերիկյան հանրությունը իմանա անցյալում տեղի ունեցածի ծանրությունը և ինչպես ենք մենք պատրաստվում պայքարել անհայտ կորած երեխաների և ապագայում շահագործվող երեխաների հարցում»:

Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշտեյնն ինքնասպան է եղել Նյու Յորքի դաշնային բանտում 2019 թվականի օգոստոսին՝ դատավարությանը սպասելիս։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել մի քանի տասնյակ աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, որոնցից մի քանիսն ընդամենը 14 տարեկան են եղել: