ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գազայի հատվածը կարելի է վերածել «մերձավորարեւելյան Ռիվիերայի»։ Այս հայտարարությունը նա արել է երեքշաբթի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյունքներով։
Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսոււմ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է գրավել Գազայի հատվածը եւ այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։
«Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, եւ մենք այնտեղ աշխատանք կկատարենք»,- ասել է նա։ «Մենք պատասխանատու ենք լինելու տարածքում գտնվող բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զինատեսակներն ապամոնտաժելու, տարածքը հարթելու եւ ավերված շենքերից ազատվելու համար»: Տարածաշրջանի մարդկանց համար կստեղծենք տնտեսական զարգացում եւ անսահմանափակ աշխատատեղեր եւ բնակարաններ»։ Նա Գազայի հատվածն անվանել է «քանդման ենթակա տարածք»։
Ելույթ ունենալով Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ՝ Թրամփը Գազայի բնակիչներին հրավիրել է տեղափոխվել Մերձավոր Արեւելքի մեկ կամ մի քանի պետությունների կողմից տրամադրված վայրեր:
Պաղեստինցիներին վերաբնակեցնող երկրների շարքում նա նշել է Եգիպտոսն ու Հորդանանը։ Ըստ նրա՝ դա կարող է լինել «մեկ կամ մի քանի տարածք»։
«Նրանք այնտեղ են [Գազայում], քանի որ այլընտրանք չունեն: Ի՞նչ ունեն նրանք։ Դա հիմա փլատակների մեծ կույտ է»,- ասել է Թրամփը։
Ասուլիսում նա նաեւ ասել է, որ ակնկալում է, որ Միացյալ Նահանգները «երկարաժամկետ վերահսկողություն» կունենա Գազայի հատվածի վրա եւ ավելացրել է, որ դա «հազարավոր աշխատատեղեր» կստեղծի։
«Ես իսկապես տեսնում եմ երկարաժամկետ վերահսկողության դիրքորոշում եւ տեսնում եմ, որ դա մեծ կայունություն կբերի Մերձավոր Արեւելքի այս հատվածին եւ, հնարավոր է, ամբողջ Մերձավոր Արեւելքին»,- ասել է Թրամփը:
«Բոլորին դուր է գալիս այս գաղափարը»,- ավելացրել է նա:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով այս արտահայտությունները, ասել է, որ Դոնալդ Թրամփի գաղափարը «արժանի է ուշադրության»։
Նա ասել է, որ Իսրայելը կենտրոնացած է այն բանի վրա, որ անկլավի տարածքն այլեւս վտանգ չներկայացնի Իսրայելի համար:
Նրա խոսքով՝ Թրամփը «Գազայի համար այլ ապագա է տեսնում»։
«Կարծում եմ՝ սա այն է, ինչը կարող է փոխել պատմությունը», - ավելացրել է Նեթանյահուն։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար եւ Թրամփին անվանել է «Իսրայելի լավագույն ընկերը Սպիտակ տանը»։





























