Թայվանի ռազմական գերատեսչությունը մտադիր է գնել ամերիկյան վաղ նախազգուշացման եւ կառավարման E-2D Advanced Hawkeye վեց ինքնաթիռներ: Այս մասին հայտնել է Taipei Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ այդ ինքնաթիռները պետք է փոխարինեն հնացած E-2K Hawkeye-ներին, որոնք գտնվում են Թայվանի սպառազինություններում։
Կղզու ՌՕՈւ-ն E-2 ինքնաթիռների օգտագործման մեծ փորձ ունի։ Թայվանը 1995թ. ձեռք է բերել չորս E-2T, որոնք արդիականացվել են ավելի ժամանակակից E-2K մոդելով 2013թ.: 1999թ. կղզին պատվիրել է եւս երկու E-2K ինքնաթիռ, որոնք ստացվել են 2005թ.։ Աղբյուրը նշել է, որ Թայվանի ռազմաօդային ուժերը վաղուց են քննարկում E-2D Advanced Hawkeye-ի ամենաժամանակակից տարբերակն ունենալու հնարավորությունը:
Ի տարբերություն նախորդների՝ ամերիկյան Northrop Grumman ընկերության արտադրած ինքնաթիռը հագեցած է նորագույն ավիոնիկայով, ներառյալ նոր AN/APY-9 ռադարը եւ ժամանակակից համակարգիչը, ունի կատարելագործված T56-A-427A շարժիչներ եւ թռիչքի ժամանակ օդում լիցքավորման համակարգ:





























