ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է ազատվել աշխատանքից եւ ստանալ ութ ամսվա աշխատավարձի չափով նպաստներ, CNN-ին եւ Wall Street Journal-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բյուրոկրատական ապարատը բարեփոխելու եւ պաշտոնյաների թիվը կրճատելու որոշմամբ։ ԿՀՎ-ն դարձավ ազգային անվտանգության ոլորտի առաջին մարմինը, որի վրա անդրադարձել է այս որոշումը։
Թրամփի կողմից նշանակված ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի օգնականն ասել է, որ այդ քայլը ջանքերի մի մասն է՝ «ապահովելու համար, որ ԿՀՎ աշխատակիցները համապատասխանեն վարչակազմի ազգային անվտանգության ոլորտի առաջնահերթություններին», եւ այն անվանել է «գործակալությանը նոր էներգիա հաղորդելու համալիր ռազմավարություն»: Միաժամանակ, ինչպես հաղորդել է CNN-ը, Ռեթքլիֆն անձամբ է որոշել, որ գերատեսչությունը պետք է ենթարկվի Թրամփի բարեփոխմանը։ Հեռուստաալիքի զրուցակիցներն ավելացրել են, որ դեռ պարզ չէ՝ բոլոր աշխատակիցները կկրճատվեն, թե դա կազդի միայն որոշ պաշտոնների վրա։
WSJ-ի հետ զրույցում Ռեթքլիֆի օգնականը նշել է, որ ԿՀՎ-ն այժմ պատրաստվում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Արեւմտյան կիսագնդին եւ այն երկրներին, որոնք չեն համարվում ԱՄՆ հակառակորդներ։ Գործակալությունը, մասնավորապես, կստանձնի մեքսիկական թմրակարտելների դեմ պայքարի խնդիրը եւ կվերահսկի Մեքսիկայի կառավարությանը՝ հնարավոր առեւտրային պատերազմի պատճառով։ CNN-ի տվյալներով՝ Թրամփի թիմի որոշ անդամներ կարծում են, որ վերջին տարիներին ԿՀՎ-ն կենտրոնացել է վերլուծությունների վրա՝ ի վնաս գաղտնի հետախուզական տվյալների հավաքագրման եւ գաղտնի գործողությունների իրականացման։
Իր նախագահության առաջին օրը Թրամփը ստորագրել է տասնյակ հրամանագրեր, այդ թվում՝ դաշնային կառավարության գործունեության հետ կապված։ Նա արգելել է պետական աշխատողներին աշխատանքի ընդունել եւ նոր կանոնակարգեր ընդունել, քանի դեռ իր վարչակազմը չի հաստատել դաշնային կառավարության «լիակատար վերահսկողությունը»: Նաեւ պետական կառույցների աշխատակիցներին հանձնարարվել է անհապաղ թողնել հեռավար աշխատանքը եւ վերադառնալ աշխատավայրեր։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ստեղծել է Կառավարության արդյունավետության բարձրացման վարչություն (DOGE), որը ղեկավարում է գործարար Իլոն Մասքը։ Նոր կառույցի նպատակն է զանգվածային կրճատումներ եւ զտումներ իրականացնել պետապարատում։ Bloomberg-ի տվյալներով՝ աշխատանքից ազատման առաջարկներ են արվել դաշնային աշխատակիցներին, եւ մինչեւ փետրվարի 4-ը նրանց ավելի քան 20 հազարն արդեն համաձայնել է լքել ծառայությունը։ Գործակալության աղբյուրները նշել են, որ Թրամփն ու Մասկը ակնկալում են, որ ընդհանուր առմամբ կկարողանան 10 տոկոսով կրճատել բյուրոկրատական ապարատը։





























