Սաուդյան Արաբիան դիվանագիտական ​​հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ, քանի դեռ չի իրականացվել Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու որոշումը, որի մայրաքաղաքը Արեւելյան Երուսաղեմն է։ Այս մասին նշվել է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան չի պահանջում Պաղեստինի անկախ պետություն ստեղծել։ Նա նաեւ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է զորքեր ուղարկել Գազայի հատված եւ սկսել անկլավի վերակառուցումն այն բանից հետո, երբ պաղեստինցիները վերաբնակեցվեն այլ երկրներում:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությունում նշել է, որ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հաստատել է Էր Ռիադի դիրքորոշումը «հստակ եւ ճշգրիտ, որը թույլ չի տալիս որեւէ մեկնաբանություն որեւէ հանգամանքներում»:

«Թագավորությունը հաստատում է, որ այս ամուր դիրքորոշումը չի կարող սակարկելի լինել, եւ կայուն ու արդար խաղաղություն չի կարող ձեռք բերվել առանց Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների հաստատման՝ միջազգային լեգիտիմության վերաբերյալ բանաձեւերին համապատասխան։ Այս դիրքորոշումը նախկինում հաղորդվել է Միացյալ Նահանգների նախկին եւ ներկա վարչակազմերին»,- նշվել է հայտարարությունում:

Նախարարությունը նաեւ մերժել է պաղեստինցիների իրավունքների խափանմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությունը, պաղեստինյան տարածքների բռնակցումը եւ պաղեստինցիներին վերաբնակեցնելու փորձերը։ «Միջազգային հանրության պարտականությունն է այսօր աշխատել պաղեստինցի ժողովրդի ծանր տառապանքը մեղմելու ուղղությամբ», - ավելացրել են գերատեսչությունում: