Անօրինական միգրանտներ տեղափոխող առաջին ինքնաթիռը երեքշաբթի վայրէջք է կատարել Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազայում, հայտնում է ABC-ն։
Նրա տեղեկություններով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Տեխաս նահանգից և Գուանտանամո է հասցրել փոքր թվով միգրանտների, այդ թվում՝ Վենեսուելայում ստեղծված Tren de Aragua անդրազգային հանցավոր խմբավորման 10 անդամների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Պենտագոնին և ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել էր ընդլայնել Գուանտանամոյի ամերիկյան բազայում գտնվող միգրանտների պահման կենտրոնը «ամբողջ հզորությամբ»: Փաստաթղթի տեքստի համաձայն՝ կենտրոնը պետք է «ապահովի լրացուցիչ կալանավայրեր ամենավտանգավոր հանցագործների համար, որոնք անօրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում»։ Ավելի վաղ ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Գուանտանամո տեղափոխել մինչև 30 հազար անօրինական ներգաղթյալների։
2002 թվականին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք Գուանտանամոյի ռազմածովային բազայի տարածքում բանտ է ստեղծվել։ Այս ճամբար են ուղարկվել Աֆղանստանում օպերացիայի և այլ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում գերեվարված անձինք։ Գուանտանամոյի բանտարկյալները փաստացի գտնվում են իրավական վակուումում, որտեղ նախկինում պահվել են մի քանի հարյուր բանտարկյալներ: Բուշ կրտսերին փոխարինած Բարաք Օբաման 2009 թվականի հունվարի 22-ին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց գրեթե անմիջապես հետո, հրամանագիր է ստորագրել հատուկ բանտը 12 ամսվա ընթացքում փակելու մասին։ Այնուամենայնիվ, Գուանտանամոյի ճամբարը դեռ գոյություն ունի, ինչը իրավապաշտպանների կողմից սուր քննադատության է արժանանում Վաշինգտոնի հասցեին:





























