Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սովորական եւ ոսկեզօծ փեյջեր է նվիրել՝ ի հիշատակ «Հեզբոլլահի» դեմ գործողության։ Այս մասին հայտնել է The Times of Israel-ը՝ հղում կատարելով «12-րդ ալիքին»։

«Դա հիանալի գործողություն էր»,- ասել է Թրամփը: Նա Նեթանյահուին լուսանկար է նվիրել իրենց հանդիպումից՝ «Բիբի, մեծ առաջնորդ» մակագրությամբ։

Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Նեթանյահուն Թրամփին երկու փեյջեր է նվիրել։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնք «Հեզբոլլահն» օգտագործում էր օպերատիվ հաղորդակցության համար: Հաջորդ օրը նույն կերպ սկսել են պայթել ռացիաները։ Պայթյունների հետեւանքով, ըստ Լիբանանի առողջապահության նախարարի, զոհվել է առնվազն 37 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել մոտ երեք հազար մարդ։