ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները բողոքում են գործակալությունում տիրող քաոսից, որը պայմանավորված է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած կրճատումների եւ կադրային փոփոխությունների ալիքով։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով բյուրոյի աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ՀԴԲ աշխատակիցներից շատերն «այնքան անհանգստացած են կրճատումներով, որ արդեն հավաքել են իրենց իրերն աշխատավայրում՝ պատրաստվելով այն բանին, որ ալիքը կազդի նաեւ իրենց վրա»։ Գործակալների խոսքով՝ «քաոսի պայմաններում բյուրոյում աշխատանքը դանդաղել է»։

ԱՄՆ արդարադատության նախարարության նոր ղեկավարության ճնշման ներքո ՀԴԲ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն հրաժարական են տվել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն վերահսկող վարչությունն սկսել է կազմել հազարավոր աշխատակիցների ցուցակը, ովքեր կարող են ազատվել աշխատանքից՝ 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի գրավման հետաքննությանը մասնակցելու, անձամբ Թրամփի դեմ գործերի եւ պարզապես լոյալ չլինելու կասկածանքի պատճառով:

WSJ-ի տվյալներով՝ ՀԴԲ շատ գործակալներ ստացել են պարտադիր հարցաթերթիկներ, որոնցում պետք է նկարագրեն իրենց դերը հունվարի 6-ի իրադարձություններում։

Նոր վարչակազմը նաեւ արագ սկսել է նոր խնդիրներ դնել ՀԴԲ-ի առջեւ. հազարավոր աշխատակիցներ հեռացվում են բյուրոյի ավանդական հակահետախուզական եւ հակաահաբեկչական աշխատանքից եւ ուղարկվում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու եւ փողոցային բռնի հանցագործությունները հետաքննելու ոլորտ: Ինչպես նշել է WSJ-ը, Թրամփը մտադիր է նոր խնդիրների լուծմանը ներգրավել ՀԴԲ 38 հազար գործակալների եւ տեխնիկական աշխատակիցների մեծ մասին։ Նրանցից ոմանք այժմ փորձում են համատեղել հին եւ նոր առաջադրանքները, որպեսզի կանխեն ձախողումներն արդեն իսկ ընթացող գործողությունների իրականացման հարցում, բայց դա անելն ավելի ու ավելի դժվար է դառնում։