ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հայտարարել է, որ չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 հանդիպմանը։
«Հարավային Աֆրիկան շատ վատ բաներ է անում։ Օտարում է մասնավոր սեփականությունը։ Օգտագործում է G20-ը՝ խթանելու «համերաշխությունը, հավասարությունը և կայունությունը»: Այլ կերպ ասած՝ DEI և կլիմայի փոփոխություն»,- գրել է Ռուբիոն սոցցանցում։
«Իմ գործը Ամերիկայի ազգային շահերն առաջ տանելն է, այլ ոչ թե հարկատուների փողերը վատնելն ու հակաամերիկյանությանը տուրք տալը»,- հավելել է նա։
Ինչպես նշում է Politico-ն, անցյալ ամսվա վերջին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս պետությանը հողն առգրավել առանց փոխհատուցման որոշ հանգամանքներում՝ ռասայական և այլ հողային անհավասարությունները լուծելու համար, ինչը բուռն արձագանք առաջացրեց Սպիտակ տանը:
Ռամաֆոսան երկուշաբթի օրը պատասխանել է Թրամփի խոստումին՝ դադարեցնել ԱՄՆ ֆինանսավորումն իր երկրին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ասաց, որ Հարավային Աֆրիկան հող է խլում «որոշ դասերի մարդկանցից»:
Հարավային Աֆրիկայում ծնված Մասկը կրակի վրա յուղ լցրեց՝ սոցիալական ցանցերում Ռամաֆոսային հարցնելով. «Ինչու՞ դուք սեփականության մասին բացահայտ ռասիստական օրենքներ ունեք»:
Փետրվարի 20-ին և 21-ին Յոհանեսբուրգում կհանդիպեն G20-ի՝ տնտեսական համագործակցությանը նվիրված միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարները:





























