Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը հնարավոր է։
Վարչապետը խոսել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացում Բրյուսելի կողմից ավելի մեծ ճկունության անհրաժեշտության մասին։
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն հարցազրույցում, գնդակն այժմ գտնվում է Բրյուսելի դաշտում, և ԵՄ-ին անհրաժեշտ է ավելի շատ ճկունություն նոր անդամների նկատմամբ իր մոտեցման հարցում։ Նրա խոսքով, Վրաստանը բավականին լուրջ խնդիրներ ունի եվրոպական բյուրոկրատիայի հետ, թեեւ բավականին լավատես է, որ 2030 թվականին երկիրը կդառնա Եվրամիության անդամ։
«Մենք կշարունակենք անշեղորեն շարժվել դեպի այդ նպատակը և հուսով ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումն ավելի արդարացի կդառնա»,- ասել է վարչապետը։
Ինչպես գրում է Euronews-ը, Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանի և Եվրամիության միջև այսօր առողջ հարաբերությունների բացակայության պատճառը ոչ թե վրացական քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատական քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, և եթե այս քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ լավ կլինի։
«Մեր հարաբերությունների ներկա վիճակը մեզ համար անընդունելի է։ Մենք շահագրգռված ենք Եվրամիության հետ առողջ հարաբերություններով, ինչն այս փուլում չենք տեսնում։ Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե վրացական քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատական քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ Ուստի, եթե այս քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կշտկվի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։





























