Եվրամիության նախագահությունն իր մտահոգությունն է հայտնել բլոգերներ Էմին Միլիի եւ Ադնան Հաջիզադեի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ:

«ԵՄ նախագահությունը ցավում է, որ Ադրբեջանում դատական քննություններն անկողմնակալ չէն, եւ կարծում է, որ դատական այս որոշումն ավելի է խարխլել խոսքի ազատությունն Ադրբեջանում»,- ասված է ԵՄ նախագահության տարածած հաղորդագրության մեջ:

ԵՄ նախագահությունը Ադրբեջանին հիշեցրել է, որ նա ստանձնել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովումը ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ դառնալիս, ինչպես նաեւ Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Հիշեցնենք, որ դատարանը Էմին Միլլիին դատապարտել էր 2,5, Ադնան Հաջիզադեին՝ 2 տարվա ազատազրկման: «Օլ» («Եղի՛ր») Երիտասարդական շարժման առաջնորդ Ադնանա Հաջիզադեն եւ «Alumni Network» երիտասարդական ցանցի ղեկավար Էմին Միլլին ձերբակալվել էին այս տարվա հուլիսի 8-ին` խուլիգանության մեղադրանքով, թեեւ իրավապաշտպանների կարծիքով՝ հետապնդումը քաղաքական դրսեւորում ունի: