Ֆրանսիական դատարանը որոշում է կայացրել, որ ծովափնյա Բիարից քաղաքը պետք է վերանվանի իր պատմական Լա Նեգրես թաղամասը, որը, գուցե, անվանակոչվել է սեւամորթ կնոջ անունով՝ ակտիվիստների հայցից հետո, որոնք պնդում են, որ դա գաղութատիրության հնացած ժառանգություն է, տեղեկացրել է AFP-ը:
Որոշումը դարձել է ակտիվիստների վաղեմի ջանքերի պատասխանը Ատլանտյան ափի իշխանություններին՝ ստիպելու հրաժարվել այն անուններից, որոնք նրանք կոչում են «ռասիստական եւ սեքսիստական»:
Ակտիվիստները ցանկանում են, որ քաղաքային իշխանությունները վերանվանեն Լա Նեգրես թաղամասը, ինչպես նաեւ քաղաքի փողոցներից մեկը՝ rue de la Negresse-ը։
La Negresse-ը «նեգր» բառի իգական տարբերակն է, որը նշանակում է «սեւ կին»:
2020թ. Memoires et Partages ասոցիացիան («Հիշողություններ եւ փոխանակում»), որը պայքարում է ստրկության եւ գաղութատիրութայն ժառանգության դեմ, դիմել է Բիարիցի քաղաքապետ Մայդեր Արոստեգիին՝ խնդրելով դիտարկել այդ անվանումներից հրաժարվելու մասին հարցը։
Քաղաքապետարանը հրաժարվել է, ինչը ակտիվիստներին դրդել է դատաքննություն սկսել։
Ընդունված է կարծել, որ շրջանն անվանվել է ի պատիվ սեւամորթ կնոջ, գուցե, նախկին ստրկուհի, որն աշխատել է պանդոկում XIX դարում։ Ակտիվիստները հավաստիացնում են, որ անվանումը կապված է մարդկության դեմ հանցագործության հետ, երբ միլիոնավոր աֆրիկացիներ տարվել են ստրկության՝ գաղութային պլանտացիաներում աշխատելու համար։





























