Սեմ Նույոման, որը 1990 թվականին Նամիբիան առաջնորդեց Հարավային Աֆրիկայի ապարտեիդից անկախանալուն և նրա առաջին նախագահն էր 15 տարի, մահացել է 95 տարեկան հասակում, հայտնում է Associated Press-ը։
Նույոմայի մահվան մասին հայտարարել է Նամիբիայի ներկայիս նախագահ Նանգոլո Մբումբան։
Մբումբան հայտնել է, որ Նույոման մահացել է շաբաթ երեկոյան մայրաքաղաք Վինդհուկում հոսպիտալացվելուց հետո:
Նույոման աֆրիկյան առաջնորդների վերջին սերնդի ներկայացուցիչներից էր, որոնք ազատել էին իրենց երկրները գաղութատիրությունից:
Նույնիսկ քաղաքական ընդդիմախոսները գնահատում էին Նույոմային, որին աքսորում մարքսիստ էին անվանում և անկախություն ձեռք բերելուց հետո մեղադրում այլախոհությունն անխղճորեն ճնշելու, ժողովրդավարական սահմանադրություն հաստատելու և սպիտակամորթ գործարարներին ու քաղաքական գործիչներին կառավարություն բերելու համար: Չնայած իր պրագմատիզմին և իր հայրենիքում պետական շինարարության ձգտմանը, Նույոման հաճախ էր հայտնվում արտասահմանյան թերթերի վերնագրերում՝ իր հակաարևմտյան կատաղի հռետորաբանության համար:
Նա պնդում էր, որ ՁԻԱՀ-ը մարդու կողմից ստեղծված կենսաբանական զենք է, և ժամանակ առ ժամանակ բանավոր պատերազմ էր մղում համասեռամոլության դեմ՝ գեյերին անվանելով «ապուշներ» և համասեռամոլությունը որակելով որպես «օտար և կոռումպացված գաղափարախոսություն»:





























