Վանաձորում, բողոքի ակցիա կազմակերպած եւ իրենց վերջին 8 ամսվա աշխատավարձը պահանջող «Քիմպրոմ» ընկերության նախկին աշխատակիցները իրենց աշխատավարձը պետք է պահանջեն նախկին «Քիմպրոմից»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար պատգամավոր, «Քիմպրոմի» մի մասը գնած «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ի համասեփականատեր Խաչիկ Մանուկյանը: Նա նշեց, որ «Քիմպրոմից» գնել են արտադրամասը, ոչ թե բանվորներին, իսկ արտադրամասը գնել են, որ ներդրումներ անեն, սարքավորումներ բերեն, գործարանն աշխատեցնեն, այժմ այդ ընթացքի մեջ են: «Երբ որ այդ հիմնարկը առել են, այդ հիմնարկը առել են ոչ թե բանվորներով, այլ որպես գույք, որպեսզի վրան ներդրում անեն, աշխատեցնեն»,- ասաց Խաչիկ Մանուկյանը` հավելելով, որ «ով աշխատել է, ստացել է աշխատավարձը, ով չի աշխատել, որտեղի՞ց ստանա»: Նա նշեց, որ եթե գործարանը չի աշխատել, ինչպե՞ս են աշխատակիցները աշխատել, եթե այժմ դեռ «պրոյեկտն են անում», դա ուղարկել են Ուկրաինա` Խարկով, եւ դեռ հայտնի չէ, թե այդ պրոյեկտը ներդնելը որքան ժամանակ կտեւի:
Եթե ամեն ինչ նորմալ լինի եւ գործարանն աշխատի, ապա Խաչիկ Մանուկյանի խոսքով, աշխատակիցները բարձր աշխատավարձ կստանան:
Հարցին, թե վերջին 8 ամսում աշխատողները գործարան չե՞ն այցելել ու չե՞ն աշխատել, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Ես ինչ իմանամ, եթե ես չեմ գնացել, որովհետեւ անելու բան չկար, ոչ մեկը չի գնացել: Գնացել են, նայել են, մի երկու հատ փորձեր են արել, դրսից մասնագետներ են բերել, ցույց են տվել, թե ինչ պիտի արվի, եզրակացություն են արել, որ պետք է նոր պրոյեկտ արվի»,- ասաց նա` հավելելով, որ ցուցարարները «Քիմպրոմի» աշխատողներն են եղել եւ իրենց հետ կապ չունեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 09:00-ից Վանաձորում ցույցի են դուրս եկել քաղաքի նախկին «Քիմպրոմ», ներկայումս «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ի աշխատակիցները, թվով 30-40 մարդ պահանջում են իրենց վերջին 8 ամսվա աշխատավարձը: Նրանք որոշել են գրավոր դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության աշխատակիցները նշել են, որ միշտ խոստացել են, որ աշխատավարձերը վճարելու են, բայց այդպես էլ չեն վճարել:
Երբ գործարար պատգամավոր Խաչիկ Մանուկյանը դարձել է «Կոմպոզիտ Մետալ»-ի համասեփականատեր, այդ օրվանից (այս տարվա ապրիլի 1-ից) լուծարվել են նախկին «Քիմպրոմի» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, խոստանալով որ իրենց գրանցելու են «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ում, սակայն 8 ամիս շարունակ նրանց չեն գրանցել: Ստացվում է, որ այսօր արդեն «Կոմպոզիտ Մետալ»-ում աշխատողները «Քիմպրոմ»-ի հետ խզել են պայմանագրերը, սակայն նոր անվանումով ձեռնարկությունում չեն գրանցվել, թեեւ փաստացի շարունակել են աշխատել: Փաստացի տնօրինությունից աշխատակիցներին ասել են, որ իրենք նախկին գործարանից վերջնահաշվարկով ազատվել են:
Աշխատակիցների խոսքով, իրենք հիմա մնացել են 2 քարի արանքում եւ մտավախություն ունեն, որ տնօրինությունը կհայտարարի, որ իրենք 8 ամիս չեն աշխատել, քանի որ չունեն աշխատանքային պայմանագրեր: Նրանք նշում են, որ 8 ամիս առաջ Խաչիկ Մանուկյանն այցելել է իրենց եւ անգամ բարձր աշխատավարձեր է խոստացել, սակայն խոստումները չեն կատարվել: Նշենք, որ «Կոմպոզիտ Մետալ»-ի աշխատակիցները երեկ` դեկտեմբերի 19-ին ցույց են կազմակերպել Լոռիի մարզպետարանի դիմաց, հանդիպել են մարզպետի հետ, սակայն ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասել: Այսօր կայացած ցույցի ժամանակ գործարանից այդպես էլ ոչ ոք դուրս չի եկել ու չի լսել բողոքի դուրս եկածներին, ովքեր պարզապես բացատրություն էին պահանջում, թե ի՞նչ հիմքով են աշխատում, ինչո՞ւ իրենց հետ չեն կնքել աշխատանքային պայմանագրեր եւ ե՞րբ են ստանալու իրենց չվճարված աշխատավարձերը: Ըստ նրանց, այս ամենում մեղավոր է նաեւ պետությունը, ով այսօր չի պաշտպանում իր քաղաքացու իրավունքները եւ շարունակ խաբում է իրենց:




























