Միացյալ Նահագների ռազմաօդային ուժերում միանգամայն արտասովոր իրադարձություն է տեղի ունեցել. 338-րդ կործանիչ թևի տեխնիկների թիմը Յուտա նահանգի Հիլ ռազմաօդային բազայում F-35 ծրագրի միասնական վարչության և Lockheed Martin ընկերության հետ համատեղ ավելի վաղ վթարված և շահագործումից հանված երկու ինքնաթիռներից F-35 կործանիչ է հավաքել: Ինքնաթիռներից մեկի շասսիի առջևի կանգնակն էր կոտրվել 2020 թվականին, իսկ մյուս ինքնաթիռի շարժիչն էր վառվել 2014 թվականին։
Հիբրիդը կնքվել է («Ֆրանկենբըրդ») «Frankenbird» անունով։ Ստեղծման համար պահանջվել է մեկ տարի, իսկ վերանորոգման և վերականգնման աշխատանքները, Պենտագոնի չափանիշներով, գրեթե ձրի է նստել՝ ընդամենը 6 միլիոն դոլար, եթե հաշվի առնենք, որ սերիական արտադրության մեկ միավոր F-35 կործանիչն ավելի քան 80 միլիոն դոլար է նստում պետության գրպանին։
Ռազմաօդային ուժերի տեխնիկները հսկայական աշխատանք են կատարել. լարերը լիովին վերանորոգվել են, վերակառուցվել են օդաչուական խցիկն ու ավիոնիկան (ինքնաթիռի վրա տեղադրված էլեկտրոնային համակարգերի շարք՝ հիմնականում թռիչքային և նավիգացիոն համակարգերը), վերականգնել stealth ծածկույթը, վերատեղել շասսին և կառավարման սարքավորումները:
Հաջողությամբ պսակված ցամաքային փորձարկումներից և թռիչքային ստուգումներից հետո վերանորոգված ինքնաթիռն ուղարկվել է Lockheed Martin-ի գործարաններից մեկը՝ հավաստագրման, որից հետո այն կվերադառնա իր հայրենի ռազմաբազա՝ 338-րդ կործանիչ թևում՝ որպես լիարժեք մարտական միավոր:





























