Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ ի դեմս նրա շնորհավորել Ռուսաստանի ողջ ժողովրդին` վեցերորդ գումարման Պետդումայի ընտրության կապակցությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Նիկոյանը նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը վերջին տարիներին շարունակում է հաջողությամբ զարգանալ` ընդգրկելով նորանոր բնագավառներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ շնորհավորանքների համար` ՌԴ դեսպանն իր հերթին շնորհավորել է Սամվել Նիկոյանին` ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող սերտ շփումներն ու համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով`  հայ-ռուսական հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, որին մեծապես նպաստում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Սամվել Նիկոյանն ընդգծել է նաեւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մեծ դերը, որը կարողացել է որակապես փոխել եւ ակտիվացնել խորհրդարանական համագործակցությունը ԱՊՀ երկրների միջեւ: Հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: