Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը չպետք է դիտարկվի որպես առաջընթաց Ուկրաինայի հարցով բանակցություններում, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։
Երեքշաբթի նախատեսված հանդիպումը, ըստ նրա, ընդամենը առաջին քայլն է, որով Միացյալ Նահանգները կգնահատի, թե որքանով է «լուրջ» Մոսկվան վերաբերվում Ուկրաինայում պատերազմի ավարտին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ՌԴ-ն ներկայացնելու է Էր Ռիադում արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, միաժամանակ ասել է, որ առայժմ կողմերը նախատեսում են «պայմանավորվել Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու շուրջ, քանի որ ամերիկյան կողմը դեռ չի նշանակել իր գլխավոր բանակցողին»։
Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը նախապես տեղյակ չի եղել ԱՄՆ-Ռուսաստան հանդիպման մասին, և որ Ուկրաինան չի ճանաչի համաձայնությունները, եթե դրանք կնքվեն առանց իր մասնակցության։





























