Նոր Հարավային Ուելսի նահանգի իշխանությունները մտադիր են զգալիորեն խստացնել ռասայական ատելություն եւ հակասեմականություն հրահրելու համար նախատեսվող պատիժները եւ նման վարքագիծը որակել քրեական հանցագործություն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի կառավարությունից։

Համաձայն տեղի խորհրդարան արդեն ներկայացված նոր օրենսդրության՝ ազգային կամ ռասայական հողի վրա ատելություն հրահրելը կհամարվի քրեական հանցագործություն, որը կպատժվի մինչեւ երկու տարի ազատազրկմամբ եւ 11 հազար ավստրալական դոլարի (մոտ 7 հազար ԱՄՆ դոլար) տուգանքով քաղաքացիների համար եւ 55 հազար ավստրալական դոլարով (35 հազար ԱՄՆ դոլար) կազմակերպությունների համար։

«Սա նահանգի կառավարության պատասխանն է հակասեմականության եւ ատելության խոսքի նողկալի դեպքերին, որոնք մենք արձանագրում ենք վերջին ժամանակներս: Դա հստակ ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանում ռասայական ու ազգային խտրականության տեղ չկա։ Այժմ ազգության հիման վրա անձի կամ մարդկանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային կոչերը կդասակարգվեն որպես քրեական հանցագործություն»,- նշել են Նոր Հարավային Ուելսի վարչապետի գրասենյակում: Բացի այդ, կխստացվեն շենքերի կամ սինագոգների ու հրեական դպրոցների շրջակայքում նացիստական ​​խորհրդանիշներ նկարելու համար նախատեսված տույժերը։

Սիդնեյում նախկինում մի շարք միջադեպեր են գրանցվել՝ կապված հակասեմականության դրսեւորումների հետ։ Այն շրջաններում, որտեղ հրեաները խիտ բնակեցված էին, մեքենաներ էին հրկիզվում, իսկ տների ու սինագոգների պատերին հակասեմական գրաֆիտիներ ու Իսրայելի հետ հարաբերությունները խզելու կոչեր էին մակագրում: