Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սիրիա կատարած երեքօրյա այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ, հայտնում է սիրիական Cham Press-ը։

Սիրիայի առաջնորդը ողջունել է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները. դա, նրա կարծիքով, դրականորեն կազդի ժողովուրդների հարաբերությունների եւ տարածաշրջանի ապագայի վրա։

Բաշար Ալ-Ասադն ընդգծել է, որ պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել այն ամենին, ինչը լավ կազդի տարածաշրջանի երկրների բարօրության վրա։

Հանդիպաման ժամանակ քննարկվել են հայ եւ սիրիացի ժողովուրդներին միացնող պատմական կապերը։ Գարեգին Երկրորդը կարեւորել է ամռանը Բաշար Ալ-Ասադի՝ Հայաստան կատարած այցը։ Կաթողիկոսը բարձր է գնահատել երկրի կառավարության դերն այն բանում, որ Սիրիայի հայերն իրենց զգում են այդ երկրի լիիրավ քաղաքացիներ՝ դրա զարգացման համար ներդնելով իրենց լուման։

Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդը Սիրիայում էր այդ երկրի նախագահի եւ սփյուքահայ համայնքի հրավերով։