ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, այցելել է Քանաքեռ-Զեյթունի տարածաշրջանային եւ Սեւանի, Եղեգնաձորի  հարկային տեսչությունների սպասարկման նորաբաց կենտրոններ:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարեփոխումների արդյունքում, հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին սպասարկել ավելի արագ եւ արդյունավետ, դրանով իսկ` էապես նվազեցվում է տեսուչ-հարկատու շփումը:

Քանաքեռ-Զեյթունի ՀՏ սպասարկման բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանի խոսքով, բացի տեղեկատվական տերմինալից, սպասարկման սրահում գործում է նաեւ վճարային տերմինալ, որի միջոցով հարկատուները կարող են տեղում վճարել վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները: «Ապագայում նախատեսվում է ներդնել նաեւ «POS-տերմինալ», որը հնարավորություն կտա «Tax-քարտեր»-ի միջոցով տեղում իրականացնել բոլոր տեսակի հարկային վճարումները` առանց բանկ հաճախելու»:

Բոլոր տեսչություններում էլ  Գագիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել,  տվել կոնկրետ հանձնարարականներ. «Կոմիտեի ղեկավարությունը հետեւողական է հարկ վճարողների սպասարկումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում»-,վստահեցրել է կոմիտեի նախագահը: Ինչպես մայրաքաղաքում, տարածաշրջաններում նույնպես հարկային գրասենյակների` որպես մեկ միասնական տեղեկատվական կենտրոնի գործարկումը միանշանակ կնպաստի մարզերում սպասարկման որակի բարելավմանը: Այս ուղղությամբ բարեփոխումները շարունակական են լինելու եւ հարկ վճարողներն առաջիկայում եւս նոր փոփոխությունների ականատես կլինեն: Բարեփոխումների օրակարգում մյուս տեսչություններն են: