«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կազմել է լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր վայրերի ցուցակը:
Լրագրողների համար ամենավտանգավոր վայրերն են.
Բահրեյնի մայրաքաղաք Մանաման
Կոտ դ'Իվուարի խոշորագույն քաղաք Աբիջանը
Եգիպտոսի Թահրիր հրապարակը
Լիբիական Միսրաթա քաղաքը
Մեքսիկայի Վերակրուս նահանգը
Պակիստանի Հուզդար քաղաքը
Ֆիլիպինյան արշիպելագի Լուսոն եւ Մինդանաո կղզիների մի շարք վարչական շրջանները
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոն
Սիրիական Դարաա, Հոմս եւ Դամասկոս քաղաքները
Եմենի մայրաքաղաք Սանայի Ազատության հրապարակը (Հայտնի է նաեւ Փոփոխությունների հրապարակ անունով):
Կազմակերպության տվյալներով` 2011թ. 66 լրագրող է սպանվել, նրանցից 20-ը` Մերձավոր Արեւելքում, «արաբական գարունը» լուսաբանելիս, եւ 18-ը` Լատինական Ամերիկայում: Ամենավտանգավոր երկիրը Պակիստանն է, այնտեղ 10 լրագրող է զոհվել: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ զոհված լրագրողների թիվն ավելացել է 16%-ով: 1044 լրագրող ձերբակալվել է, 1959-ը ենթարկվել է հարձակման կամ սպառնալիքների: 71 լրագրող առեւանգվել է, 73-ը ստիպված է եղել լքել հայրենիքը:
«Լրագրողներ առանց սահմանների»-ն առանձին դիտարկել է նաեւ բլոգերների եւ ինտերնետից ակտիվ օգտվողների վիճակը: Այսպես, 5 բլոգեր սպանվել է, 62-ը ենթարկվել է հարձակման, 199-ը ձերբակալվել է: Աշխարհի 68 երկրներում ցանցային սահմանափակումներ են գործում, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, շվեյցարական Presse embleme campagne (PEC) ոչ կառավարական կազմակերպությունը հաշվել է, որ 2011թ. 106 լրագրող է սպանվել, իսկ լրատվամիջոցների համար ամենավտանգավոր երկիրը համարել է Մեքսիկան:




























