Լատվիայի Սեյմն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի քաղաքացիներին երկրում անշարժ գույք գնել, հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցել է DW-ն։
Նշվել է, որ «նախաձեռնությունն ուղղված է ազգային անվտանգության պաշտպանությանը եւ նրա շահերի հնարավոր սպառնալիքների կանխմանը»։ Նախատեսվում է, որ համապատասխան արգելքը կվերաբերի նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում գրանցված իրավաբանական անձանց. իրավաբանական անձինք, որոնցում նշված երկրների քաղաքացիներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են կապիտալի առնվազն 25 տոկոսին, եւ նրանք, որոնցում շահառու են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիները:
Հստակեցվել է, որ օրինագիծը վերաբերում է գույքային իրավունքների օտարման եւ ձեռքբերման բոլոր տեսակներին, ներառյալ առքուվաճառքի պայմանագրերը, օպցիոն գնման վարձակալությունը, նվիրատվությունը, փոխանակումը, պահպանման պայմանագրերը, աճուրդները, ժառանգության պայմանագրերը եւ ցանկացած այլ գործարք, որի միջոցով շահագրգիռ կողմերը կարող են ձեռք բերել անշարժ գույք Լատվիայում:





























