ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել իր նախորդի՝ Ջո Բայդենի կողմից ԱՄՆ զենք ստացողների համար ներկայացված պահանջն առ այն, որ նրանք պարտավոր են հետեւել միջազգային մարդասիրական իրավունքին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների՝ նախկին եւ ներկա ամերիկացի պաշտոնյաների համաձայն՝ խոսքը NSM-20 կոչվող հուշագրի չեղարկման մասին է, որը Բայդենը ստորագրել է 2024թ. փետրվարին։ The Washington Post-ը նաեւ նշել է, որ փաստաթուղթն ընդունվել է Բայդենի կողմից, քանի որ Միացյալ Նահանգները փորձում է «համատեղել իր աջակցությունը Իսրայելի կողմից Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմին եւ հակամարտությունից խաղաղ բնակիչների զոհերի վերաբերյալ աճող մտահոգություններին»:
Մասնավորապես, հուշագիրը պահանջում էր ամերիկյան զենք ստացող ԱՄՆ դաշնակիցներին գրավոր երաշխիքներ տալ, որ այդ զենքի օգտագործումը չի խախտի միջազգային մարդասիրական իրավունքը, հակառակ դեպքում հետագա մատակարարումները կդադարեցվեն։ Բացի այդ, այդ երկրները պետք է դյուրացնեին ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության առաքումը։
Ինչպես գրել է պարբերականը, այդ սահմանափակումներից հրաժարումը տեղի է ունեցել այն համատեքստում, որ Թրամփի վարչակազմը «ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա դնում է իր պիտակը՝ America first»։





























