Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների խումբն այս կիրակի կմեկնի Լոնդոն՝ քննարկելու համար պաշտպանության և անվտանգության համատեղ ծրագրերը, գրում է Politico-ն։

Տուսկը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պաշտպանական փաթեթ է պատրաստում, որի մանրամասները կհրապարակվեն մարտի 6-ին նախատեսված ԵՄ առաջնորդների հատուկ գագաթնաժողովում։

«Այդ հանդիպմանն ընդառաջ մենք կիրակի կլինենք Լոնդոնում մեր բրիտանացի ընկերների և մի խումբ առաջնորդների հետ՝ քննարկելու համար համատեղ պաշտպանական ծրագրերը», - հավելել է նա։

«Հուսով եմ՝ Եվրոպայի՝ ինչպես անդամ երկրների, այնպես էլ ամբողջ Եվրոպայի այս մեծ մոբիլիզացիան, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության և անվտանգության ֆինանսավորմանը, կդառնա անվիճելի փաստ»,- ասել է Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստայի հետ հանդիպումից հետո։

Կոստան ավելի վաղ հայտարարել է եվրոպացի առաջնորդների տեսահամաժողովի մասին՝ չորեքշաբթի առավոտյան հատուկ գագաթնաժողովից առաջ՝ քննարկելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Վաշինգտոն, որտեղ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ փնտրելու նպատակով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հինգշաբթի կհանդիպի Թրամփի հետ։ Երեքշաբթի նա հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան 2027 թվականից պաշտպանական ծախսերը կավելացնի երկրի ՀՆԱ-ի շուրջ 2,5 տոկոսը: